ՀՀԿ-ն իր նախընտրական քարոզչությունը կիրականացնի իր կոռեկտությանը համապատասխան: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, հավելելով, որ ՀՀԿ-ն ընտրությունների է գնում ոչ թե ընդդեմ, այլ` հանուն գաղափարի:
Ըստ Շարմազանովի, իրենց նպատակը ոչ թե հինգ տոկոսից ավելի ձայն ստանալն է, այլ վստահություն, որ երկրում ժողովրդավարություն ապահովեն: «Բնականաբար մի ձեռքը ծափ չի տալիս եւ հուսով ենք, որ ընդդիմությունը եւս կգնա այդ ճանապարհով»,- հույս հայտնեց նա: Շարմազանովը միաժամանակ հիշեց, որ երեկ ուրախությամբ արձանագրել է, որ ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը իր ելույթում նշել է, որ ունենք մի եթեր, որը լրիվ քաղաքական բազմակարծություն է ապահովում:
ԱԺ փոխնախագահի խոսքով, 5-6 տարի առաջ սա կարող էր նյուանս թվալ, բայց դա մեր այսօրվա իրականությունն է:
Լրագրողներից մեկը հիշեցնելով ՀՀԿ ցուցակում ընդգրկված, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հայտնի պատմությունը, հարցրեց, թե ցուցակում նրա ընդգրկվածությունն արդյոք նշանակո՞ւմ է, որ հավատացել են, թե Գագիկ Բեգլարյանը փոխվել է: «Մենք հավատում ենք մեր ցուցակում ընդգրկված բոլոր գործիչներին»,- արձագանքեց Էդուարդ Շարմազանովը:




























