Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հունաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի նախագահ Քրիստոս Պոլիզոգոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: «Մենք կարեւորում ենք Հանրային խորհրդի աշխատանքները, որը հայ իրականության մեջ նոր ինստիտուտ է եւ առաջին քայլերն է կատարում: Տեսնում ենք, որ խորհուրդը հասարակությանը հուզող հարցերի քննարկման ոլորտում կարող է զբաղեցնել կարեւոր դեր»,- նշել է վարչապետը: Տիգրան Սարգսյանն ասել է, որ այդ տեսակետից Հայաստանի Հանրային խորհրդի միջազգային համագործակցությունը եւ փորձի փոխանակումը խիստ օգտակար է:
Քրիստոս Պոլիզոգոպուլոսը տեղեկացրել է, որ Հունաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի եւ Հայաստանի Հանրային խորհրդի միջեւ ստորագրվելու է համագործակցության հուշագիր, ինչը նոր խթան կհանդիսանա նաեւ հայ-հունական հարաբերությունների զարգացման գործում: Հունաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի նախագահը նշել է, որ Հունաստանը որպես ԵՄ անդամ պետություն պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել բարեկամ Հայաստանին՝ եվրաինտեգրման ճանապարհին:
Զրուցակիներն անդրադարձ են կատարել Հունաստանում առկա տնտեսական, քաղաքական իրավիճակին եւ առաջիկա ծրագրերին:
Քրիստոս Պոլիզոգոպուլոսը Տիգրան Սարգսյանին է փոխանցել Հունաստանի վարչապետի ջերմ ողջույնները:




























