News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թիվ 37 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Հայկ Գրիգորյանը ցավում է Գորիսի վերջին արյունալի դեպքերի համար, դատապարտում «զինված հարձակումը» եւ ցավակցում Բուդաղյանների ընտանիքին` կորստի համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկ Գրիգորյանը:

Նա նշեց, որ դեպքերից հետո հանդիպել է Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, խոսել են ընդհանուր երեւույթի մասին, որ շատ վատ, անթույլատրելի բան է եղել:

Հայկ Գրիգորյանը շեշտեց, որ թե Բուդաղյանները, թե Խաչատրյանները Գորիսում շատ հարգված ընտանիքներ են, եւ տեղի ունեցածը անթույլատրելի է: Պատգամավորը, ով բավական մտերիմ հարաբերություններ ունի Սուրեն Խաչատրյանի հետ, ճանաչում է նաեւ Բուդաղյաններին, թեեւ դեմ առ դեմ շփում չի եղել: Նա նշեց, որ դպրոցում աշխատելու տարիներին Ավետիք Բուդաղյանի որդին իր մոտ էր սովորում, եւ հոր հետ մի քանի անգամ հեռախոսով զրուցել է, վերջինիս հետաքրքրվում էր որդուց: Հայկ Գրիգորյանը նշեց, որ Արտակ Բուդաղյանի հետ ընդհանրապես չի շփվել, բայց Ավետիք Բուդաղյանը իր վրա նորմալ մարդու տպավորություն է թողել:

Անդրադառնալով մանդատը վայր դնելու մասին տեղեկություններին`  նա շեշտեց, որ դրանք մտացածին են, ընդհանրապես նման բան չկա, քննարկում, խոսակցություններ եւս չկան: Հայկ Գրիգորյանի խոսքով` մանդատը թիվ 37 ընտրատարածքի ժողովրդի վստահության քվեն է, եւ այդ մանդատը կարող է վայր դնել միայն ժողովրդի պահանջով, եթե ժողովուրդը գտնի, որ ինքը լավ չի կատարում իր պարտականությունները եւ մեկ այլ անձ նրան կարող է փոխարինել իրեն ԱԺ-ում: «Մանդատը ինձ տրված է Սահմանադրությամբ, եւ որեւէ մեկը չի կարող խնդրել, պարտադրել ինձ այն վայր դնել»- ասաց նա`  պատասխանելով դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, որ նա հրաժարվելու է իր մանդտաից հանուն Սուրեն Խաչատրյանի:

Անդրադառնալով Սյունիքի մարզպետի պաշտոնի հավանական թեկնածուներին` Հայկ Գրիգորյանը նշեց, որ ով էլ փոխարինի Սուրեն Խաչատրյանին, կցանկանար ունենար նրա աշխատելաոճը, քանի որ վերջինս մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ այցելում էր համայնքներ, լուծում բարձրացված խնդիրները:Պատգամավորը պատրաստ է շարունակել նոր մարզպետի հետ աշխատել այնպես, ինչպես Սուրեն Խաչատրյանի հետ էր աշխատում: Մեր հարցին, թե դուք նշում եք աշխատելաոճը, բայց այս դեպքից հետո եւս շատ խոսվեց նրա գործելաոճի մասին, բազմաթիվ սկանդալյին միջադեպերի կիզակետում է հայտնվել,Գորիսում կրիմինալը նրա հետ են կապում, պատգամավորը հակադարձեց. «Ձեր ասած երեւույթներին կարող են տրվել իրավական գնահատական, օրենքի շրջանակում գնահատական, ես ուղղակի ասում եմ այն գնահատականը, թե ինչպես եմ իր հետ աշխատում, մենք աշխատում ենք ի շահ բնակիչների, եթե դուք ներկայացնում եք ինչ-որ պատմություններ, որոնք դեռ իրավական գնահատական չեն տրվել, միգուցե դրանք մտացածին են կամ չգիտեմ, անկեղծ ասած` ես չգիտեմ այդ մասին, առնչություն չեմ ունեցել, իմ աչքով չեմ տեսել: Ես ընդհանրապես սովոր եմ հավատալ այն ամենին, ինչը իմ աչքով եմ տեսնում, կամ էլ եթե կա դատավճիռ, կամ հետաքննության ավարտ, այդ վարատի արդյունքներին կարող եմ հավատել»:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:

Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել է Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը:

Սուրեն Խաչատրյանը հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:

Տպել
Ամենաշատ