ԱՄՆ իշխանություններից դատարանում ներողություն խնդրած ինֆորմատոր Բրեդլի Մեննինգը նման քայլի է գնացել մեծ ճնշման ազդեցությամբ, ասվում է WikiLeaks-ի պորտալում:

Երկու րոպե տեւող խոստովանությունը ստանալու համար ամերիկյան իշխանությունները ծախսել են միլիոնավոր դոլարներ եւ երեք տարի: Այդ ընթացքում Մեննինգը գտնվել է մեկ հոգու համար նախատեսված բանտախցում եւ «դաժան ու անմարդկային» վերաբերմունքի արժանացել, պնդում են հայտարարության հեղինակները, փոխանցում է «Ռոսբալտը»:

Օգոստոսի 14-ին շարքային Մեննինգը, որը WikiLeaks-ին էր հանձնել հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթեր, իր վերջին խոսքում ներողություն է խնդրել իր գործողությունների համար, որոնք վնասել են ԱՄՆ անվտանգությանը: Նա հայտարարել է, որ գիտակցել է, թե ինչ է անում եւ ինչ որոշումներ է կայացնում: Նա խոստովանել է, որ այն ժամանակ վստահ չէր, որ իր հաղորդած տեղեկությունները վնաս կհասցնեն:

 Իրաքում որպես ռազմական վերլուծաբան ծառայող զինվորը ձերբակալվել է 2010թ մայիսին՝ WikiLeaks-ին Աֆղանստանում եւ Իրաքում ռազմական գործողությունների վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր փոխանցելու պատճառով: