WikiLeaks-ի ինֆորմատոր Բրեդլի Մեննինգի գործով դատական գործընթացն իր ավարտական փուլում է: Պաշտպանող եւ մեղադրող կողմերը ներկայացրել են իրենց փաստարկները:
Մեղադրող կողմը պահանջում է նրան 60 տարի ազատազրկման դատապարտել, մինչդեռ պաշտպանող կողմը հուսով է, որ դատավճիռը չի գերազանցի 25 տարի ազատազրկումը: Այդ ընթացքում WikiLeaks-ին փոխանցված գաղտնի փաստաթղթերի «գաղտնի» գրիֆը անվավեր կհամարվի, ընդգծում է NEWSru.com-ը:
Ավելի վաղ Մեննինգը մեղավոր էր ճանաչվել մի շարք ծանր հանցագործությունների համար, այդ թվում՝ լրտեսության եւ պետության սեփականությունը գողանալու: Նրան սպառնում էր 136 տարի ազատազրկում, սակայն նրա փաստաբանները հայց էին ներկայացրել մի քանի դրվագներ միավորելու եւ նրանց միջնորդությունը բավարարվել է: Միեւնույն ժամանակ նրան այլեւս չեն մեղադրում «ԱՄՆ թշնամիներին օգնություն տրամադրելու մեջ», ինչի համար նա կարող էր ցմահ ազատազրկման դատապարտվել:
Հիշեցնենք, որ շարքային Մեննինգը, ով ռազմական հետախուզության վերլուծաբան էր, ձերբակալվել է 2010թ մայիսի 29-ին՝ Քուվեյթի ամերիկյան ռազմաբազայում: Նա WikiLeaks-ին է փոխանցել ավելի քան 700 հազար ռազմական եւ դիվանագիտական փաստաթղթեր, ինչպես նաեւ տեսագրություններ, որոնք վերաբերում են 2009-2010թթ ընթացքում Իրաքում ԱՄՆ գործողություններին: Մեննինգը նշել է, որ ցանկացել է հանրության ուշադրությունը գրավել ԱՄՆ «անազնիվ արտաքին քաղաքականության վրա»: Մեննինգին իշխանություններին է հանձնել 30-ամյա ամերիկացի Ադրիան Լամոն, ով պնդել է, որ դրա պատճառը ԱՄՆ Ազգային անվտանգության շահերից է բխել:





























