News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանի ասածները հիմարություն են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կոմիտաս 5-ի ակտիվիստներից Շողիկ Մելքումյանը, ով ենթարկվել էր ոտնձգության ոստիկանի կողմից:

«Իր ասածները հիմարություն են: Եթե ինքը այդ ամեն ինչի մեջ ոչ մի վատ բան չի տեսնում, թող ինքը անձամբ գտնի այդ ոստիկանին եւ խնդրի իրեն էլ շատ նուրբ համբուրել»,- ասաց Շողիկ Մելքումյանը:

Աղջիկը նշեց, որ իր իրավաբանների հետ կքննարկի, թե ինչ անել, հրավիրել ասուլիս եւ պատասխանել Շուշան Պետրոսյանին, թե ոչ:

Նա նշեց, որ բոլոր լրատվամիջոցներում անընդհատ նույն նկարն է, տեսել է նաեւ ոստիկանի մեկնաբանությունը, այնքան է զայրացել այս ամենից, որ նույնիսկ համակարգչին մոտ չի գնացել եւ չի ցանկանում ոչինչ իմանալ: «Համենայն դեպս, այս ամբողջ աղմուկը ես չեմ բարձրացրել, ես քնեցի, արթանացա, այս ամեն ինչը արդեն բուռն քննարկումների առիթ էր տվել»,- ասաց Շողիկ Մելքումյանը:

Նա նշեց, որ իրեն զարմացնում է այն մեկնաբանություները, թե «իբր աղջկան լավ էլ դուր է գալիս, ոչինչ չի անում եւ այլն»: Շողիկի համար հասկանալի է, որ դա  ոստիկանի մտերիմներն են անում: «Ես ասել եմ, որ ես չեմ զգացել դա, չի բացառվում, որ նա ինձ չի էլ համբուրել, կարող է եւ շրթունքներն է կպել, չեմ կարող դա ասել, ամեն դեպքում, եթե տեսախցիկը ֆիքսել է, ես ինքս շատ զարմացած եմ, որովհետեւ այդ օրը ամբողջ օրը, երբ ինքը շատ հոգատար շրջում էր կողքս, ես մտածում էի, որ ոչ, ամեն դեպքում ոստիկանները լավ են տրամադրված, իրենց մեջ լավ մարդիկ էլ կան, բայց երբ երեկոյան տեսա` նույն ոստիկանն է, այնքան հիասթափված էի, որ ես ինչ էի մտածում իր մասին, իսկ իրականում ինչ էր ինքը թույլ տվել իրեն: Եթե նույնիսկ դա համբույր չէր, ապա ինքը իրավունք չուներ այդքան մոտենար ինձ»,- ասաց աղջիկը:

Նշենք, որ լրագրողների հետ հանդիպմանն ՀՀ  Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանը, անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված հայտնի տեսանյութին եւ դրանից արված լուսանկարին, որտեղ, ըստ լրատվամիջոցների, «ոստիկանը համբուրում է ակտիվիստի պարանոցը», ասել էր. «Համբույրի մեջ վատ բան կա՞: Ըստ նկարի` շատ նուրբ համբույր էր, դուք ծանո՞թ եք այդ աղջկան, այդ աղջիկը հայ աղջիկ է, պետք չէ այդքան այդ թեմայով խոսել»: Արական սեռի ներկայացուցիչ լրագրողներից մեկի հարցին, թե ինչ կմտածի Շուշան Պետրոսյանը, եթե նա համբուրի իրեն մոտ կանգնած աղջիկ լրագրողի պարանոցը, պատգամավորը պատասխանեց. «Ես միայն կուրախանամ… Հիշեք, որ այդ ոստիկանն էլ  է հայ, հայ տղա է»:

Հիշեցնենք, որ Կոմիտաս 5-ի բողոքի ակցիաներից մեկի ժամանակ, ըստ համացանցում տարածված տեսանյութի եւ դրանից արված լուսանկարին,  ոստիկանը համբուրում է ակտիվիստի պարանոցը: «Միայն տեսագրության առկայության դեպքում հնարավոր կլինի պարզել տեղի ունեցածը: Ստոպ կադրով բոլորն էլ գիտեն, որ կարող է կեղծ տպավորություն ստեղծվել, իսկ նկարին ինչ-որ բան վերագրողներին էլ խորհուրդ ենք տալիս ժամանակից շուտ  հետեւություններ չանել»,- այս թեմային անդրադառնալով մեզ հետ զրույցում ասել էր Ոստիկանության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Դրանից հետո դադարեցվել էին ակտիվիստի պարանոցը համբուրած ոստիկանի`  ավագ սերժանտ Հակոբ Խաչատրյանի լիազորությունները:

Տպել
Ամենաշատ