Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի գործով քննիչ Հայկ Հակոբյանի արձակուրդ գնալու մեջ որեւէ ենթատեքստ պետք չի փնտրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի պետ Արսեն Սարգսյանը:

Նա նշեց, որ դա քննիչի հերթական արձակուրդն է՝ մեկամսյա ժամկետով: «Ցանկացած քննիչ, երբ իր հերթական արձակուրդը գալիս է, մեկնում է, բնական է՝ իր վարույթի գործերը փոխանցվում են մեկ այլ քննիչի»,- ասաց նա: Արսեն Սարգսյանը վստահեցրեց, որ քննիչի արձակուրդը պայմանավորված չէ Վարդան Պետրոսյանի եւ նրա փաստաբանի բազմաթիվ բողոքներով, մատնանշած խախտումներով, ՀՔԾ-ում նրա դեմ նյութերի նախապատրաստմամբ: «Դա ընդհանրապես կապ չունի, այս տարի չի գնացել, տարին էլ ավարտվում է, գնում է արձակուրդ»,-ասաց բաժանմունքի ղեկավարը:

Հարցին, թե Նիկոլայ Բաղդասարյանը ասել էր, որ երբ քննության մեջ խախտումներ են լինում, քննիչին ուղարկում են արձակուրդ, Արսեն Սարգսյանը նշեց, որ դա փաստաբանի կարծիքն է, որը իրենց չի հետաքրքրում: «Երեւի տեսնում եք՝ իրենք ինչ մարտավարություն են ընտրել, մենք մեր օբյեկտիվ քննությունը շարունակում ենք»,-ասաց Նաիրի քննչականի պետը:

Նշենք, որ գործը փոխանցվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, այն քննելու է նույն բաժնի ավագ քննիչ, ոստիկանության մայոր Դավիթ Մարտիրոսյանը: Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Վարդան Պետրոսյանի գործով քննիչ Հայկ Հակոբյանին ուղարկում են արձակուրդ:  «Հասկանալի է, որ նման գործով քննիչը չէր գնա արձակուրդ, եթե օրենքը պաշտպանած լիներ: Դա խորհրդային ժամանակաշրջանից  եկող ձեւ է, երբ տեսնում են, որ քննիչը խախտումներ է թույլ տալիս, փորձում են շտկել, արդարացնել իրենց, այսպես ասած՝ դադար են վերցնում եւ քննիչին ուղարկում են արձակուրդ: Պաշտոնապես դա հայտնում են, թե մարդուն ուղարկում են արձակուրդ, որ հանգստանա, մինչդեռ դա կիրառվում է այն դեպքերում, երբ նախաքննության մարմինը թույլ է տալիս բազմաթիվ խախտումներ»,-ասել էր Նիկոլայ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը: