ՁԻԱՀ-ով վարակված ասեղներով մարդկանց ծակելու եւ վարակելու մասին հայտարարությունը անհեթեթություն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի Կանխարգելման բաժնի ղեկավար Ժանետա Պետրոսյանը՝ մեկնաբանելով «Մենք» երիտասարդական շարժման տարածած հայտարարությունը:

Շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, թե Հայաստանի փողոցներում 4 ամիս է՝ շրջում են ռուսներ, որոնք վարակված ասեղներով ծակում եւ ՁԻԱՀ-ով են վարակում մարդկանց:

«Հայաստան ներխուժած այս կազմակերպությունը կարգախոս ունի , ասում են՝ եթե մահանանք, ապա միասին: Շրջում են հասարակական վայրերում, որտեղ շատ մարդիկ կան ու վարակում»,- ասաց Սեւան Աղաջանյանը՝ չցանկանալով հրապարակել իր այս սկանդալային հայտարարության աղբյուրը։

Սեւան Աղաջանյանի խոսքով, իրենք դեռ փաստեր են հավաքում, որից հետո կդիմեն ոստիկանություն. «Դեռ փաստեր, անուններ, ոչինչ չենք կարող ասել, բայց այս կազմակերպությունը վաղուց է Ռուսաստանում գործում»:

NEWS.am-ի հարցին, թե որքանով է ճիշտ առանց կոնկրետ փաստերի հրապարկել նման տեղեկություն, որը կարող է խուճապ առաջացնել , Սեւան Աղաջանյանը ասաց. «Խուճապ չի առաջացնի, ես զգուշացնում եմ, որ մարդիկ ավելի զգույշ լինեն հասարակական վայրերում։ Խոսքը նրա մասին չէ, որ միտինգների չմասնակցեն: Դա իրենց ապահովության համար է, մարդիկ ոնց կուզեն, թող հասկանան»:

ՁԻԱՀ-ով վարակված ասեղներով մարդկանց ծակելու եւ վարակելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նշենք, որ Քրեական օրենսգրքով չփաստարկված հայտարարություններ տարածողների պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որեւէ դրույթ նախատեսված չէ։

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի Կանխարգելման բաժնի ղեկավար Ժանետա Պետրոսյանը նույնպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում շեշտեց ՁԻԱՀ-ով վարակված ասեղներով մարդկանց ծակելու եւ վարակելու մասին հայտարարությունը անհեթեթություն է, հատկապես, որ հայտարարությունում հստակ ոչինչ չի նշվում եւ կան տարրական սխալներ. «ՁԻԱՀ-ով չեն կարող վարակել, դա հիվանդության վերջնային փուլն է, վարակվել հնարավոր է ՄԻԱՎ-ով՝ մարդու իմունային անբավարարության վիրուսով: Մյուս կողմից էլ՝ ասեղով վարակելը գործնականում անհնարին է, քանի որ վիրուսը շատ անկայուն է, կենդանի բջջից դուրս՝ միջավայրում, շատ արագ ոչնչանում է»,- ասաց Ժանետա Պետրոսյանը:

Նա նաեւ նշեց, որ վերջին չորս ամիսներին իրենց կենտրոն չեն դիմել այնպիսի անձինք, ովքեր մարդաշատ վայրերում ենթարկվել են նման բռնության եւ կասկածներ ունեն ՄԻԱՎ-ի առկայության մասին: