«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը չի մտնի կոալիցիայի մեջ, իսկ Հայ Յեղափոխական դաշնակցությունը վերջերս ձգտում է պաշտոնի եւ ամենայն հավանականությամբ կհամաձայնվի դառնալ կոալիցիա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը («Ճոյտը»)` անդրադառնալով ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, թե իրենք շարունակում են բանակցություններն այս երկու ուժերի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ:

«Չեմ հավատում, որ ԲՀԿ-ն մտնի կոալիցիա, որովհետեւ իրեն զուտ պաշտոններ պետք չեն, այլ ամբողջական համակարգն է ցանկանում վերցնել: Իսկ դաշնակները ձգտում են պաշտոնի, չնայած որ չեմ կարծում, որ յոթ  կետերը կընդունվեն: Այս պահին դաշնակները ցանկանում են եւ ընդդիմություն մնալ, եւ մասնակցել կառավարության ձեւավորմանը: Ժամանակն է, որ նրանք կողմնորոշվեն»:

Անդրադառնալով նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին` Հակոբ Հակոբյանը նշեց, որ միայն քաղաքական կամք ունենալու դեպքում վերջինս հաջողության կհասնի:

«Հովիկ Աբրահամյանը մասնագետ է եւ շատ լավ տիրապետում է տնտեսությանը, ամբողջ համակարգին, սակայն տնտեսությունը վատ վիճակից հանելու եւ դրական փոփոխություններ մտցնելու համար նրան քաղաքական կամք է անհրաժեշտ: Իհարկե, Հովիկ Աբրահամյանը գիտելիքներ եւ փորձ ունի, սակայն դրանք բավարար չեն: Քաղաքական կամքն անհրաժեշտություն է»,- ավելացրեց նախկին պատգամավորը:

Նշենք, որ ապրիլի 13-ին ՀՀԿ գրասենյակում կայացել է Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ էլ հրապարակվել է նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի անունը: Սերժ Սարգսյանն արդեն ստորագրել է Աբրահամյանի նշանակման հրամանագիրը: Վերջինս 20 օր ժամանակ ունի նոր կառավարության կազմը ներկայացնելու համար: