News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հուլիսի 11-ի երեկոյան Սոթքի մոտ մահացու վիրավորում ստացած մայոր, 42-ամյա Սարգիս Աբրահամյանը 20 տարվա զինծառայող էր, աշնանը թոշակի էր անցնելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի ղեկավար Մհեր Մարտոյանը, ում համագյուղացին է զոհված զինծառայողը:

«Սարգիսն ամուսնացած էր, ուներ 3 երեխա, մեծը 15 տարեկան: Ընտանիքով Քարվաճառում էին բնակվում, ինքն էլ 20 տարվա զինծառայող է եղել, աշնանն արդեն կավարտեր ծառայությունը ու գյուղ կվերադառնար»,- ասաց նա:

Գյուղապետի խոսքով՝ 42-ամյա մայորի հետ մեքենայում է եղել ընկերոջ կինը, որին ուղղաթիռով տեղափոխել են Երեւան եւ կարողացել են կյանքը փրկել, իսկ Սարգիսի մահը վրա է հասել վայրկյանական:

«Զինվորականի կին է եղել, միասին գյուղ են գնացել, երբ դեպքը պատահել է: Ինչքան գիտեմ, էդ ադրբեջանցին վայենի շորով է եղել, կանգնեցրել է, Սարգիսն էլ հենց կանգնել է, սկսել է կրակել»,- ավելացրեց Մհեր Մարտոյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը հուլիսի 11-ին ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ