Գեղարքունիքի մարզի Ծովակ գուղի բնակիչներն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 15-ի սահմաններում, փակել են Երեւան-Վարդենիս ավտոճանապարհի Ծովակ գյուղի հատվածը՝ ի պաշտպանություն գյուղի բնակիչներ հայր եւ որդի Հրավարդ եւ Մանուկ Սարգսյաննների, որոնց սեպտեմբերի 20-ին դաժանաբար ծեծի են ենթարկել:

Ըստ նախնական տեղեկությունները ծեծի պատճառը եղել է իրար ճանապարհ չզիջելը: Ծեծողները եղել են 3 հոգի՝ «ՎԱԶ-2105» մակնիշի մեքենայով:

Գյուղացիները պահանջում էին հայտնաբերել հանցագործությունը կատարածներին: Ծովակի գյուղապետը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ ծեծի ենթարկված Հրավարդ Սարգսյանի վիճակը ծանր է, նա գտնվում է Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, իսկ որդին՝ Մանուկ Սարգսյանը, անչափահաս էր՝ 15 տարեկան:

«Իմ գյուղի բնակիչներ են Հրավարդն ու Մանուկը, դեպքը տեղի է ունեցել գյուղից դուրս, իմ իմանալով՝ պատճառը եղել է իրար ճանապարհ զիջել-չզիջելը: Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ովքեր են հանցագործությունը կատարել, բայց հավատացնում եմ, որ ոստիկաններն ամեն ինչ անում են նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Իմ իմանալով՝ նրանցից մեկին արդեն հայտնաբերել են»,-ասաց  Ծովակի գյուղապետ Գարիկ Հակոբյանը:

Գյուղապետի  պատմելով ՝տուժողները շատ պարկեշտ, աշխատասեր եւ հասարակ մարդիկ են եւ շատ է ափսոսում այս իրավիճակի համար.

«Ես ինքս հասարակության անդամ եմ եւ անմարդկային եմ համարում կատարվածը, ինչ-որ միջադեպի պատճառով հիմա Հրավարդը պայքարում է ապրել-չապրելու համար».-ընդգծեց գյուղապետը: