Շիրակի մարզում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացած, 20-ամյա Վանիկ Սարգսյանը ծանրորդ էր, հանդես էր գալիս 94 կգ քաշային կարգում, երկու տարի առաջ հաղթել էր Ծանրամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունում:

NEWS.am-ի տեղեկություններով` գյումրեցի Վանիկը Հայաստանի չեմպիոն դառնալուց հետո թողել էր ծանրամարտը:

Վանիկի ծնողները բնակվում են Սոչիում են, նա տատիկի հետ ապրում էր Գյումրիում։

Հիշեցնենք, որ արդեն հայտնի են վթարի բոլոր յոթ զոհերի անունները

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է: