Քրեական հեղինակություն Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, որը հոկտեմբերի 31-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի կողմից կալանավորվել էր, այս պահին գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ բժիշկների հսկողության ներքո եւ բուժում է ստանում: Այս մասին NEWS.am-ին ասաց մեղադրյալի փաստաբան Վահագն Մարտիրոսյանը:

Մեր հարցին, թե եթե Զապն առողջական խնդիրներ ունի, ինչու չի տեղափոխվում «Դատապարտյալների հիվանդանոց», փաստաբանը պատասխանեց. «Էրեբունի» բժշկական կենտրոնից վերցված՝ իմ պաշտպանյալի բժշկական փաստաթղթերը գտնվում են ՔԿՀ-ի ղեկավարության ձեռքում: Սովորաբար եթե առկա են կալանավորվածի վերաբերյալ նման տվյալներ, որոնց համար անհրաժեշտություն կա՝ տեղափոխելու «Դատապարտյալների հիվանդանոց», ուրեմն կտեղափոխվի: Այս դեպքում ըստ երեւույթին, ՔԿՀ պետը որոշել է, որ անհրաժեշտություն չկա»:

Վահագն Մարտիրոսյանը հրաժարվեց մեկնաբանել, թե ինչու իր պաշտպանյալին չեն տեղափոխում «Դատապարտյալների հիվանդանոց»՝ նշելով միայն, որ Զապը ստացած բուժումից գոհ լինելու մասին չի խոսել, սակայն առանձնահոտւկ դժգոհություններ էլ չի հայտնել:

Նշենք, որ հոկտեմբերի 31-ին Զապը դատարանից անմիջապես հետո տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ: Փաստաբանը մեզ հետ զրույցում նշել էր, որ իր պաշտպանյալն ունի խնդիրներ կերակրափողի, ստամոքսի հետ, տառապում է մի քանի ծանր հիվանդություններով

Նշենք, որ Երեւանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված եւ ձերբակալված Անդրանիկ Սողոյանը, որի նկատմամբ հայտարարված էր միջազգային հետախուզում եւ, որը Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից  Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1-ինեւ 2-րդ մասերի, 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման,  ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է 30-օրյա ժամկետով եւ տեղափոխվել Նուբարաշեն ՔԿՀ: ՀՀ գլխավոր դատախազությունը հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 475-րդ եւ 479-րդ հոդվածները՝ Ա. Սողոյանի  վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնում առկա փաստաթղթերի փաթեթն ուղարկել է ՀՀ Արդարադատության նախարարություն՝ համապատասխան ընթացքը լուծելու համար: