Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը էշերի հետ որեւէ առնչություն չունի: Այդ մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ճանապարհային ոստիկանության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը՝ պատասխանելով բավական ծիծաղելի մի հարցի. «Վերջերս Ապարանում մի երեխա ընկել է էշի տակ, որի վրա նստած է եղել մի ապարանցի, եւ միջին ծանրության վնասվածքներ է ստացել: Երեխային տեղափոխել են հիվանդանոց, նրան շտապ բուժօգնություն է ցուցաբերվել: Նման դեպքերում ի՞նչ պետք է ձեռնարկի ճանապարհային ոստիկանությունը»:
Նորիկ Սարգսյանը, անակնկալի գալով, պատասխանել է, թե դա չի մտնում իր բաժնի լիազորությունների մեջ, նաեւ դժվարացել է պատասխանել, թե ում լիազորությունների շրջանակներում են նման միջադեպերը: «Մենք չենք տոգանում էշերի վրա նստած ապարանցիներին»,- նկատել է նա:
Ծիծաղելի այդ հարցին հետեւել է հաջորդը. «Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում ձեր շարքերից «չաղ» աշխատակիցներին հեռացնելու ուղղությամբ: Քանի որ մի քանի ամիս առաջ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը դժգոհել էր, որ ոստիկանությունում հանդիպում են չափազանց գեր աշխատակիցներ, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում խցկվել ծառայողական մեքենայի մեջ»:
Սպասելով, որ ծիծաղը հանդարտվի, բաժնի պետը նշել է, թե նման միջոցներ չեն ձեռնարկվելու: «Մեզ մոտ ատեստացիա արվել է, բայց այն վերաբերվել է անձի ընդհանուր զարգացվածությանը: Մենք չենք հեռացնելու մարդուն, ով ավելորդ քաշ է հավաքել»,- ասել է նա: