Երեւանի Նուբարաշեն թաղամասում 2014թ.-ի հունիսի 1-ի գիշերը 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին դանակահարելու մեջ մեղադրվող եւ արդեն 9 ամիս հետախուզման մեջ գտնվող՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին այսօր՝ մարտի 20-ին, ամենայն հավանականությամբ կներկայանա ոստիկանության բաժանմունք: Այս մասին NEWS.am-ին ասաց մեղադրյալի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:
«Օսիպյանի խափանման միջոցը փոխվել է, ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, որովհետեւ նա ցանկություն է հայտնել ներկայանալ ոստիկանություն եւ իր ցուցմունքներով օգնել՝ պարզելու իրականությունը»,- ասաց փաստաբանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպքը տեղի էր ունեցել 2014թ. հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում: Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր: Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Սեդրակ Օսիպյանին հունիսի 3-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նա գտնվում է հետախուզման մեջ:



























