Երևանի  բնակիչ, 25-ամյա Վլադիմիր Կարապետյանը, որի կացնահարված դին այսօր՝  օգոստոսի 18-ին,  մայրը  հայտնաբերել է տան  հյուրասենյակում, ապրում էր մոր և ավագ  եղբոր հետ, որոնք դեպքի օրը տանը չեն եղել: Այս մասին NEWS.am-ին պատմեց Կարապետյանների բարեկամուհիներից մեկը, որը նախընտրեց չհրապարակել իր անունը։ Նրա խոսքով` իրենք կասկածում են, թե սպանությունը կբացահայտվի:

«Անտեր, խեղճ ընտանիք է, գործը կծածկեն, ու ոչինչ էլ չի բացահայտվի: Ինքն էլ ջահել տղա էր, չէր աշխատում, իր պրոբլեմներն ուներ»,-ասաց բարեկամուհին՝ նշելով, որ ընտանիքում միակ աշխատողը մայրն է, աշխատում է «Մալաթիա» տոնավաճառում:

Նշենք, որ սպանվածը ևս 1 եղբայր ու 3 քույր ունի, որոնք ամուսնացած են և առանձին են ապրում, իսկ հայրը մահացել է 5 տարի առաջ: Մեր տեղեկություններով նա նախկինում դատապարտված է եղել:

Հարեւանները NEWS.am–ի թղթակցին ասացին, որ գիշերը ոչինչ չեն լսել, փողոցում որեւէ արտառոց շարժ չեն նկատել։

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ այսօր՝  օգոստոսի 18-ին, ժամը 07:30-ի սահմանում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի փողոցի թիվ 75 տանը երիտասարդ տղայի կացնահարված դի կա: Տան հյուրասենյակում հայտնաբերել են 25-ամյա Վլադիմիր Կարապետյանի կացնահարված դին: Դեպքի առթիվ  արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: