News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի Փաստաբանների պալատի խորհրդում արտառոց մի գործ է քննվում։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավճռով արդարացված քաղաքացին դիմել է պալատ՝ խնդրելով կարգապահական վարույթ հարուցել եւ պատժել առաջին ատյանի դատարանում իր շահերը ներկայացրած ԼՂՀ փաստաբան, հանրային պաշտպան Լիանա Գրիգորյանին։

Երեւանի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ Արմեն Ալեքսանդրի Ավանեսյանը դիմումում նշել էր, թե Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանը անորակ պաշտպանություն է իրականացրել, որի հետեւանքով իր դեմ մեղադրական դատավճիռ էր կայացվել։ Վերաքննիչ դատարանում Ավանեսյանին պաշտպանել էին հայտնի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը։

Այս գործի ավարտից հետո տեղի էին ունեցել զարգացումներ, որոնց հետեւանքով մեծ աղմուկ բարձրացավ: Լրագրող Փայլակ Ֆահրադյանը հայտարարեց, որ փաստաբաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի դեմ, իբրեւ Լ.Գրիգորյանի «հաղթանակն» իրենց վերագրողների ներկայացնող հոդվածներ են պատրաստվել Փաստաբանների պալատի նախագահն ու նրա մամուլի քարտուղարը ։

Հետապնդում փաստաբանների դեմ. Հայտնի է պատվիրատուն

Պալատում արդեն տեւական ժամանակ տիրում է անառողջ մթնոլորտ

Այսօր՝ ժամը 18։30-ին նախատեսվում էր Լիանա Գրիգորյանի դեմ իր նախկին պաշտպանյալի դիմումի քննությունը, ներկայացել էին խորհրդի անդամները, Ա.Ավանեսյանի ներկայացուցիչ, ՓՊ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը, անգամ կարգապահական վարույթը նախապատրաստած ու նախնական եզրակացությունը ստորագրած փաստաբան Ռուբեն Բարոյանը, սակայն պատասխանող փաստաբանը եւ նրա ներկայացուցիչը չէին ներկայացել։ Նիստը նախագահող փաստաբան Կարեն Սարդարյանը հայտնեց, որ Լիանա Գրիգորյանի ներկայացուցիչ Արմինե Ֆանյանը գրավոր կարգով միջնորդել է հետաձգել նիստը, քանի որ նոր է ծանոթանում նյութերին, նաեւ վատառողջ է։

Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանն ինքնաբացարկ հայտարարեցին՝ ընդգծելով, որ իրենք սույն գործով հանդիսանալով Արմեն Ավանեսյանի պաշտպանները, գործի նյութերին ու առաջին ատյանի դատարանում տեղի ունեցած դատաքննության արձանագրությանը ծանոթանալուց հետո կանխակալ վերաբերմունք ունեն Լիանա Գրիգորյանի նկատմամբ ու չեն կարող անաչառ լինել։ Լ.Սահակյանը հավելեց նաեւ, որ իր կողմից անաչառ չլինելը կապված է նաեւ այն հանգամանքի հետ, որ Արմեն Ավանեսյանի գործից հետո է, որ իրենց վերաբերյալ հոդվածներ են պատվիրվել: Նիստը հետաձգվեց անորոշ ժամանակով։

Արդեն նիստից հետո Լուսինե Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, թե իրենց համար զարմանալի չէր հետաձգումը։ «Նշեմ, որ նիստից առաջ բոլոր փաստաթղթերը կողմերին տրամադրվում են, իսկ պատասխանողի ներկայացուցչից որեւէ դիմում նյութերում չի եղել։ Այդ փաստաթուղթն այսօր էր մուտքագրվել, չեմ զարմանա՝ հատուկ նիստը հետաձգելու համար։ Չեմ բացառում, որ դա կապված էր նիստին լրագրողների մասնակցելու հետ»,- ասաց Լուսինե Սահակյանը։

Փաստաբանները որեւէ ակնկալիք չունեն այս նիստից։ «Հաշվի առնելով հանգամանքը, որ պալատի նախագահը, որը այս խորհրդի հիմնական մասի գործատուն է, հատուկ վերաբերմունք ունի այս գործին, հատուկ պատվերներով հոդվածներ են հրապարակվել մեր դեմ, պալատի նախագահը նաեւ լրատվամիջոցներով է հանդես եկել ու ներկայացրել Լիանա Գրիգորյանի գործողությունները դրական լույսի ներքո, ուստի չեմ կարծում, որ խորհուրդը կարող է հակառակ որոշում կայացնել»,- նշել է փաստաբանը։

Լուսինե Սահակյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենց կողմից քաղաքացիական հայց է ներկայացվել Արա Զոհրաբյանի ու պալատի խոսնակ Հայկ Հակոբյանի դեմ կապված Փայլակ Ֆահրադյանի մատնանշած հոդվածների ու այլ հրապարակումների հետ: Միաժամանակ իրենք դատական կարգով բողոքարկել են նաեւ Երվանդ Վարոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին պալատի խորհրդի կողմից հոկտեմբերի 9-ին կայացված որոշումը ։

Տպել
Ամենաշատ