News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում հունիսի 1-ից մեկնարկած պետական ավարտական եւ միասնական քննությունների շրջանակներում, այսօր` հունիսի 13-ին, հրապարակվել են հունիսի 8-ին կայացած  «Ռուսաց լեզու» առարկայից քննության արդյունքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԳԹԿ մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը` հավելելով, որ եթե դիմորդը որեւէ անհամաձայնություն ունի, ապա կարող է վաղը ներկայանա այն քննակենտրոն, որտեղ քննություն է հանձնել եւ բողոքարկի:

«Ռուսաց լեզվից» քննություն հանձնելու համար դիմում-հայտ էր ներկայացրել 1285 դիմորդ, քննությունից բացակայել է 103-ը: Հայաստանում ոչ մի 20 միավոր չի գրանցվել այս առարկայից, իսկ միջին միավորը կազմել է 10,4: Այսպես,  «Ռուսաց լեզու» առարկայից 17,5-20 միավոր ստացել է 32, 13,5-17,25 միավոր` 206, 7,5-13,25` 684 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 260 դիմորդ: Հաջորդ քննությունը կկայանա հունիսի 15-ին` «Օտար լեզու» առարկայից: Այդ օրը անգլերենի քննություն կհանձնի 8173, գերմաներենից`  521, ֆրանսերենից` 447, իսպաներենից` 25, իտալերենից` 4, պարսկերենից` 5 դիմորդ:

Ի դեպ, այս տարվա քննական փոփոխություններից էր նաեւ այն, որ ռուսաց լեզուն դարձել է օտար լեզու եւ այն մասնագիտությունները, որոնց համար պահանջվում է օտար լեզվից քննություն, կարող են իրենց ընտրությամբ հանձնել նաեւ ռուսերեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 1-ից Հայաստանում  մեկնարկել են պետական ավարտական եւ միասնական քննությունները: Հայաստանում  այս տարի դիմորդների թիվը 18 հազար 107 է, ԼՂՀ-ն` ներառյալ, մինչդեռ 2010թ 17 հազար 656 է եղել: ԼՂՀ-ում 2010թ դիմում հայտ է ներկայացրել 876 դիմորդ, իսկ այս տարի` 1260: Ընդհանուր առմամբ, Հայաստանի բոլոր մարզերում ձեւավորվել է 40 քննակենտրոն, ԼՂՀ-ում` 8:

Նշենք, որ դիմորդները քննությունից հետո պատճենահանված ձեւաթղթերով են դուրս գալու, եւ 1 ժամ անց նրանք կարող են այցելել ԳԹԿ-ի atc.am կայք, որտեղ տեղադրված կլինեն թեստերն իրենց պատասխաններով: Ստեղծվել է եւս մեկ կայք` gtk.am, որին բաժանորդագրվելով՝ դիմորդն իր էլեկտրոնային հասցեին կստանա իր քննության արդյունքը: 

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ