News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Շարուրի-37 հասցեում գտնվող «Էլեկտրոն» գործարանը, որտեղ  մայիսի 29-ին, պայթյուն էր որոտացել եւ որի հետեւանքով, մահացել էր երկու մարդ, գրանցված չի եղել ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում եւ փորձաքննություն չի անցել: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Երեւան քաղաքի ծառայության պետ Վոլոդյա Հովսեփյանը:

Նա նշեց, որ թեեւ դա օրենքի պահանջ է, բայց «Էլեկտրոնը» ոչ գրանցված է  եղել, ոչ էլ փորձաքննություն է անցել: Տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնն ուսումնասիրություն չի արել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննությունը շարունակվում է: Իսկ քրգործը հարուցվել է ՔՕ-ի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը):

Ըստ այդ հոդվածի`  տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը` դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ  «Էլեկտրոն» գործարանը ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնում գրանցված չէ եւ որեւէ տեղ փորձաքննություն չի անցել, ինչը օրենսդրության պահանջների խախտում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Էլեկտրոն» գործարանում պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել  ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ):

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից հաղորդում էր ստացվել, որ «Էլեկտրոն» ԲԲԸ-ում պայթյուն է տեղի ունեցել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Շարուրի փողոցում գտնվող  «Էլեկտրոն» ԲԲԸ 16-րդ արտադրամասում տեղի էր ունեցել պայթյուն, ինչի ընթացքում փոխտնօրեն՝ 65-ամյա Ադիբեկ Բարսամյանը  ստացած վնասվածքներից տեղում մահացել էր, իսկ նույն արտադրամասի պետ՝ 72-ամյա Ջանիբեկ  Մարտիրոսյանը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 16.55-ին, գիտակցության չգալով, մահացել էր:

Տպել
Ամենաշատ