Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին եւ խորհրդարանին մեղադրել է «վրացական պետականության թշնամի» հայ ակտիվիստ Վահագն Չախալյանի ազատման համար:
«Դա հակապետական քայլ էր, համաներման ենթարկվեց ռուսական գործակալը, որը աշխատում է քանդել Վրաստանը, դրա ամբողջականությունը», հատուկ ուղերձում նշել է Վրաստանի նախագահը՝ հավելելով, որ Չախալյանը ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի պատվերն է կատարում, գրում է «Գռուզիա օնլայնը»:
«Այստեղ խոսքը Չախալյանի ազգային ծագման մասին չէ: Իվանիշվիլին պետք է հասկանա, որ Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի խնդրանքով իր ազատած հանցագործը հակապետական գործիչ է, եւ դա մեծ հանցանք է մեր պետականության դեմ», - ընդգծել է Սահակաշվիլին:
Վրաստանի նախագահը նշել է, որ «Չախալյանը Ջավախքը Վրաստանի մաս չի ճանաչում, նա նման է աբխազ սեպարատիստների առաջնորդ Վլադիսլավ Արձինբային: Իվանիշվիլին դեռ չգիտի, թե ում է ազատել»:
Հիշեցնենք, այսօր ՆԳՆ-ի նախկին ղեկավար Վանո Մերիաբաշվիլին հայտարարել էր, որ Չախալյանը վրացական պետության թշնամին է եւ ռուսական գործակալ:
Իվանիշվիլին մեկնաբանել էր, որ չի միջամտել հայ ակտիվիստ Վահագն Չախալյանի ազատման հարցին:
NEWS.am-ը հայտնել էր, որ Վահագն Չախալյանը բանտից ազատվել է հունվարի 24-ին՝ համաներման շրջանակում:





























