Պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող (փոխկապակցված) ընկերություններից մի քանիսը աուդիտի դրական եզրակացություն չեն ստացել: Այդ ընկերություններն են հանրապետության խոշորագույն հարկատուներից մեկը՝ «Ալեքս Գրիգը», ինչպես նաեւ՝ դեղ ներմուծող «Նատալի ֆարմը», շաքարավազ արտադրող «Լուսաստղ Շուգրը»; Բոլոր այդ ընկերությունների աուդիտն անցկացրել է «Ջի ընդ Քո. Աուդիտ» ՍՊԸ-ն:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության՝ 2012 թ. պարտավոր էին աուդիտ անցնել 843 խոշոր ընկերություններ (1 մլրդ դրամից ավելի հասույթ կամ ակտիվներ ունեցող): Նրանցից աուդիտ անցել է 676 ընկերություն, որից 404-ը ստացել է դրական կարծիք, իսկ 256-ը դրական կարծիք չեն ստացել, 16-ի աուդիտը ընթացքի մեջ է:
Ոչ դրական եզրակացություն են ստացել նաեւ մի շարք այլ խոշոր կազմակերպություններ: Դրանք են վառելիք ներկրող «Սիթի պետրոլ գրուփը», Երեւանի ու Հրազդանի ջերմակայանները, ատոմակայանը, «Հարավկովկասյան երկաթուղին», «Ապավեն» (ղեկավարը Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն է):
Ոչ դրական եզրակացություն ունեն նաեւ մի քանի շինարարարական ընկերություններ՝ «Էլիտ գրուփը», «Ռեսկո Արմեստեյտը», «Գլենդեյլ Հիլզը»:
Ոչ դրական աուդիտի եզրակացություն են ստացել նաեւ 2 բանկ՝ «Հայէկոնոմբանկը» եւ «ԲՏԱ բանկը»:





























