Գյումրիի բժշկական կենտրոնից երեկ` փետրվարի 10-ին, ոստիկանությունը տեղեկացել է, որ գլխի շրջանում պատռվածքով իրենց մոտ է տեղափոխվել Նիկոլայ Գեւորգի Ղուկասյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Շիրակի մարզային բաժնից: Նշենք, որ վերջինս Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին է:
Նիկոլայ Ղուկասյանն իր ցուցմունքներում ասել է, թե սառույց է ընկել գլխին եւ դա է եղել վնասվածքի պատճառը, սակայն NEWS.am-ի տեղեկություններով, սույն գործով արդեն քրեական գործ է հարուցվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Վերջինս առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից:
Կատարվածի վերաբերյալ զրուցեցինք Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, ով լսելով հարցը, արձագանքեց. «Դա փողոցային խոսակցություն է»:
Հարցին, թե Գեւորգ Ղուկասյանն իր եղբա՞յրն է եւ նա Նիկոլայ անունով տղա ունի՞, թե` ոչ, նա պատասխանեց. «Այո, Գեւորգ Ղուկասյանն իմ եղբայրն է: Բայց ինչ-որ դուք խոսում եք, դա փողոցի խոսակցություն է»: Դիտարկմանը, թե ահազանգը հիվանդանոցից է ստացվել, հերթական անգամ կրկնեց, որ դա փողոցի խոսակցություն է եւ անջատեց հեռախոսը:
Գյումրեցիների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն` նրա գլխին երկաթե ձողով հարվածել է ինչ-որ «քավոր Հարութի» որդին: Իսկ «քավոր Հարութի» ընտանիքը մոտ հարաբերությունների մեջ է ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ: Մասնավորապես «քավոր Հարութը» տարիներ առաջ սպանված քրեական հեղինակություն «Ավտոկայանի Սերոբի» քավորն է եղել: Իսկ «Ավտոկայանի Սերոբը» ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբայրն է:
Ի դեպ, նաեւ ասում են, որ «Քավոր Հարութը» շատ հայտնի է Գյումրիում: Պատճառների մասին տարբեր վարկածներ կան, որոնցից մեկի համաձայն, փետրվարի 10-ին նույն հասանիքին ներկա են եղել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը եւ «Քավոր Հարութը»: Վերջինիս ականջին հասել է, որ Վարդան Ղուկասյանը վատ է արտահայտվել Մարտուն Գրիգորյանի հասցեին, ինչն էլ կարող էր հետագայում նման միջադեպի պատճառ հանդիսանալ:
NEWS.am-ը փորձեց զրուցել նաեւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ, սակայն հեռախոսազանգին պատասխանեց նրա օգնականը, նշելով, որ Մարտուն Գրիգորյանի դուրս է եկել եւ հեռախոսն իր մոտ է եւ չգիտի, թե երբ նա կվերադառնա:



























