Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից չեն մեկնաբանում աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանի` իրեն աշխատանքի վերականգնելու հայցով Վարչական դատարան դիմելը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ավետիս Բաբաջանյանը նշեց, որ Վահե Էլոյանը դատի է տվել Կառավարությանը, քանի որ նրան աշխատանքից ազատողը Կառավարությունն է, ոչ թե նախարարությունը: Նրա խոսքով` այդ հարցը դատարանի որոշելիքն է, իրենք որեւէ բան չեն կարող մեկնաբանել:

Ավետիս Բաբաջանյանը պարզաբանեց, որ Վահե Էլոյանը, իսկապես, ազատման դիմում չի գրել, բայց Կառավարության հայտնի նիստից մեկ շաբաթ առաջ  Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի եւ Վահե էլոյանի միջեւ եղել է  բանավոր փոխադարձ պայմանավորվածություն, ըստ որի` վերջինս համաձայնել է  դիմում գրել, ազատվել աշխատանքից եւ անցնել նոր աշխատանքի:

«Կառավարության հայտնի նիստի օրը Վահե Էլոյանը հեռախոսով նախարարին հավաստիացրել է, որ ինքը գնում է Կառավարություն` ազատման դիմում գրելու: Վարդանյանը, վստահելով աշխատակազմի ղեկավարի խոսքին, հայտարարել է, որ Վահե էլոյանը աշխատանքից ազատման դիմում է գրել»,- նշեց Ավետիս Բաբաջանյանը: Դրանից հետո պարզվել է, որ վերջինս աշխատանքից ազատման դիմում չի գրել: Նա չի պատասխանել հեռախոսազանգերին եւ հայտնի սկանդալից հետո նրա եւ նախարարի միջեւ հանդիպում չի եղել:  «Էլոյանը խախտել է պայմանավորվածությունը, եթե ինքը ցանկություն չուներ դիմում գրելու, ուղղակի պետք է նախարարին ասեր, որ ցանկություն չունի եւ ցանկանում է պաշտոնավարել որպես աշխատակազմի ղեկավար»,- ասաց Ավետիս Բաբաջանյանը:

Նա նաեւ նշեց, որ առկա է հրամանը, որով Վահե Էլոյանը նշանակվել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի օգնական, սակայն վերջինս աշխատանքի չի գալիս:  Փաստորեն ստացվում է, որ Վահե Էլոյանը նախարարին է «գցել», իսկ նախարարը` Կառավարությանը:

Նշենք, որ ավելի վաղ իր աշխատանքից ազատվելու խնդրի առնչությամբ NEWS.am-ը փորձել էր մեկնաբանություն ստանալ Վահե Էլոյանից: Երբ զանգահարել էին նրան, ներկայացել եւ հարց ուղղել, թե ի՞նչ է կատարվում, իրականում դիմում է գրե՞լ, թե՞ ոչ, արդյոք ստիպո՞ւմ են դիմում գրել, նա պատասխանել է: «Մենք իրար ճանաչո՞ւմ ենք, որ դուք զանգահարել եք ինձ»:Մեր դիտարկմանը, թե իրեն լրագրող է զանգահարում, նա հակադարձեց. «Լավ հաջողություն ձեզ, շատ հաճելի էր»:Այս խոսքերից հետո աշխատակազմի նախկին ղեկավարը անմիջապես անջատել էր հեռախոսը:

ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեզ հետ զրույցում հաստատել է, որ Վահե Էլոյանը իրեն աշխատանքի վերականգնելու հայցով դիմել է Վարչական դատարան` բողոքարկելով ՀՀ կառավարության հունիսի 6-ի նիստի 570-Ա որոշումը: Հարցին, թե նա այժմ նախարարի օգնական է նշանակված, ինչու աշխատանքի չի գնում, մամուլի խոսնակը պատասխանել էր. «Գնա աշխատանքի ո՞ւր, որտեղից իրեն ազատել են` խախտելով տարրական իրավունքներ: Կարծում եմ` հարցը հռետորական է»:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հունիսի 6-ին աշխատանքից ազատել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանին: Հատկանշական է, որ հարցը ՀՀ կառավարության նիստի օրակարգ մտցվել է վերջին պահին՝ նախարար Յուրի Վարդանյանի առաջարկությամբ: Ի դեպ, Վ. Էլոյանը աշխատակազմի ղեկավար էր 2009 թվականից; Մինչ այդ երկար տարիներ աշխատել է Ազգային Ժողովում: