Երեւան-Սեւան ավտոճանապարին՝ Ավազի հանքի մոտակայքում, օգոստոսի 19-ին 267 համարի երթուղայինի կողաշրջվելու հետեւանքով հիվանդանոց տեղափոխված ավելի քան մեկ տասնյակ վիրավորների մեջ կյանքին վտանգ սպառնացող տուժած չկա:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երեկ երեկոյան իրենց հիվանդանոց է տեղափոխվել վեց վիրավոր, որոնց մեջ երեք երեխա, երկու կին եւ մեկ տղամարդ, ինչպես նաեւ երկու դիակ:

Գագիկ Մանուկյանի փոխանցմամբ` երեք երեխաների առողջական վիճակը կայուն է: Աղջիկ երեխայի մոտ առկա են աջ ոտքի քերծվածքներ, մեջքի ցավեր, ունի փափուկ հյուսվածքների սալջարդ: Իսկ տղա երեխայի մոտ առկա է քերծվածքներ դեմքի շրջանում, մյուս տղայի մոտ էլ`  աջ ուսահոդի ցավեր: Փոխտնօրենը նշեց, որ երկու տղաներն այսօր դուրս կգրվեն հիվանդանոցից, իսկ աղջիկը Վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի Նյարդավիրաբուժության բաժանմունք:

Տուժած երկու երեխաների`  Դիանա եւ Արգիշտի Սուքիասյանների հոր`  42-ամյա Հրանտ Դերենիկի Սուքիասյանի մոտ առկա է երեք կողերի կոտրվածք, նրան եւս այսօր Վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխեն Կրծքային վիրաբուժության բաժանմունք: Վթարի հետեւանքով այս հիվանդամոց տեղափոխված 53-ամյա Լուսյա Մակեդոնի Բաղդասարյանի մոտ առկա է գլխի կտրվածք վերք, ցավեր, նրան այսօր կրկնակի հետազոտության կենթարկեն եւ կտեղափոխեն Նյարդավիրաբուժության բաժանմունք: Վերակենդանացման բաժանմունքից Նյարդավիրաբուժության բաժանմունք կտեղափոխվի նաեւ տուժած մյուս կինը, ում մոտ առկա են հեմատոմաներ:

Երեկ տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով  10 հոգի տեղափոխվել էին «Աբովյանի» բժշկական կենտրոն: Հիվանդանոցի տնօրեն Արթուր Պետրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վթարի հետեւանքով իրենց մոտ տեղափոխվել էր մեկ դիակ, 9 վիրավոր: Նրանցից չորսը տեղափոխվեցին Երեւանի տարբեր հիվանդանոցներ, երկուսը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ, երկուսը` մայր ու դուստր` «Սուրբ Աստվածամայր» բ/կ: Եւս 4 տուժած ստացան ամբուլատոր բուժօգնություն եւ գնացին տուն: Այժմ Աբովյանի հիվանդանոցում գտնվում է մեկ տուժած, ում վիճակը կայուն է:

Իսկ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Դալլաքյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գիշերը իրենց մոտ տեղափոխված մորն եւ աղջկան վիրահատել են, առկա է որոշակի դինամիկա: Երկուսն էլ այժմ գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում, մոր մոտ լուրջ խնդիրներ չկան, իսկ երեխայի վիճակը ավելի ծանր է, առկա էին վնասվածքներ որովայնի, ազդրի շրջանում, գանգի կոտրվածքներ, մաշկի դեֆեկտներ: Իսկ վթարի ենթարկված մեքենայի վարորդը 45-ամյա Սարգիս Մայիսի Գրիգորյանն է, ով դիմել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, ստանալով ամբուլատոր օգնություն, դուրս էր գրվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր երեկոյան Կոտայքի մարզում խոշոր վթար է տեղի ունեցել։ Ford Transit մարդատար մակնիշի մեքենան դուրս է եկել հանդիպակած երթեւեկելի գոտի ու կողաշրջվել:

Վթարի հետեւանքով, նախնական տեղեկություններով, կար երեք զոհ եւ տասնմեկ վիրավոր։ Ոստիկանությունից հայտնել էին, որ չորս վիրավոր եւ երկու զոհ տեղափոխել է Նոր Նորքում գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ յոթ վիրավոր եւ մեկ զոհ՝  Աբովյանի հիվանդանոց։

Վթարի հետեւանքով մահացել են Ակունք գյուղի բնակիչներ, 35-ամյա Լարիսա Համլետի Հախվերդյանը, ինչպես նաեւ նույն գյուղի ամուսիններ  Վանուշ եւ Արմինե Ղազարյանները, ամուսինը 35 տարեկան էր։

Վթարի հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Ակունք գյուղի բնակիչ, 42-ամյա Հրանտ Դերենիկի Սուքիասյանը, Կոտայքից 53-ամյա Լուսյա Մակեդոնի Բաղդասարյանը,  13-ամյա Դիանա եւ 11-ամյա Արգիշտ Հրանտի Սուքիասյանները, Սարալանջի բնակիչ, 62-ամյա Լարիսա Սարգսի Բաբայանը, Աբովյանից 45-ամյա Հայկուհի Կամոյի Գոռոյանը եւ 12-ամյա Հարություն Սարգսի Գոռոյանը։ Իսկ Աբովյանի հիվանդանոց էին տեղափոխվել Լիանա Գեղամի Ախոյանը, Արթուր Վաչագանի Ազիզյանը, Վաչագան Արթուրի Ազիզյանը,  5-ամյա Ջուլիա Արթուրի Ազիզյան,4-ամյա Լուիզա Սուքիասյանը, 34-ամյա Սուսաննա Գերասիմի Մնացականյանը: