Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խոստացել է հանել «տասնյակ հազարավոր մարդկանց» դատվածությունը եւ պայմանական պատիժները` «անհատական ներման ակտերի միջոցով»:
Օգոստոսի 19-ի իր հեռուստաուղերձում Սահակաշվիլին հայտնել է, որ տվյալ նախաձեռնությունը տարածվում է բոլոր տեսակի հանցանքների վրա, բացի սպանությունից, մանկապղծությունից, ահաբեկչությունից: Դատվածությունից չեն ազատվի նաեւ պետության կամ մարդկության դեմ հանցագործություն կատարած անձինք, ինչպես նաեւ գողական աշխարհի ներկայացուցիչները:
Նախագահի խոսքով` ներումը Վրաստանի բազմաթիվ բնակիչների կօգնի «նոր կյանք սկսել նոր էջից»: Ըստ նրա` դատվածություն ունեցող համապատասխան անձինք պետք է դիմեն նախագահի աշխատակազմ եւ «մինչեւ իմ նախագահական ժամկետի ավարտը այդ բոլոր մարդկանց նկատմամբ կկիրառվի համապատասխան համաներման ակտ»:
Միխայիլ Սահակաշվիլին հայտնել է, որ իր տվյալ նախաձեռնությունը «ոչ մի ընդհանուր բան չունի անօրինական, քաղաքականապես չհիմնավորված» լայնածավալ համաներման հետ, որի որոշումը խորհրդարանն ընդունել էր անցյալ տարվա դեկտեմբերին, հաղորդում է Civil Georgia-ն:





























