ԱՄՆ-ի ԱԱԳ-ն հնարավորություն ունի հետեւելու ամերիկյան համացանցի տեղեկատվության 75%-ին՝ Blarney, Fairview, Oakstar, Lithium и Stormbrew հատուկ ծրագրերի օգնությամբ:

ԱԱԳ-ն ստուգում է էլեկտրոնային փոստով ուղարկված հաղորդագրությունների բովանդակությունը, ինչպես նաեւ գաղտնալսում է համացանցի օգնությամբ արվող հեռախոսազանգերը: ԱԱԳ-ն ԱՄՆ-ի տարածքում գրեթե ողջ համացանցային տիրույթը վերահսկում է միանգամայն օրինական, քանի որ 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ԱԱԳ-ն ստացել էր երկրի կառավարության թույլտվությունը:  Գերատեսչության աշխատակիցներն ընդգծում են, որ վերահսկողությունն իրենց անհրաժեշտ է ԱՄՆ-ի ազգային անվտանգության հավանական սպառնալիքները գտնելու համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով  The Wall Street Journal-ը:

Հիշեցնենք, որ հատուկ ծառայությունների կողմից շարքային քաղաքացիների հեռախոսների գաղտանալսման վերաբերյալ աղմուկը բարձրացել էր ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի բացահայտումներից հետո, ըստ որոնց՝ ԱՄՆ-ի հատուկ ծառայություններին հասանելի էին դարձել Verizon խոշոր բջջային օպերատորի բոլոր հեռախոսազանգերը, ինչպես նաեւ ԱԱԳ-ի PRISM գերգաղտնի ծրագրի տվյալները, որը թույլ է տալիս հետեւել խոշոր կայքերի էլեկտրոնային հաղորդագրություններին: