Երեկ` օգոստոսի 24-ին, ուշ երեկոյան հարձակում է եղել Երեւանի քաղաքապետարանի մոտ նստացույց անող երիտասարդների վրա: «Արարատ» հյուրանոցի մերձակայքում մոտ 10 անձինք մոտեցել են ակցիայի մասնակիցներ Միհրան Մարգարյանին եւ Բաբկեն Տեր-Գրիգորյանին, ճշտել` արդյոք նրանք նստացույցի մանսակիցներ են, եւ դրական պատասխան ստանալուց հետո դաժան ծեծի ենթարկել: Ակտիվիստների խոսքով, այդ անձինք հարձակվել են «էս մեր հերերի դե՞մ եք դուրս եկել» ասելով:
Հարձակվողները նաեւ գողացել են Բաբկեն Տեր-Գրիգորյանի հեռախոսն ու անձնագիրը: Ակտիվիստները դեպքի կապակցությամբ հաղորդում են տվել ոստիկանությունում:
Նշենք, որ երեկ բռնություններ են եղել Կոմիտաս 5-ում եւ Երեւանի քաղաքապետարանի մոտ ոստիկանների կողմից: Ոստիկանները 26 մարդու բերման են ենթարկել Կոմիտասից, եւս 16-ին` քաղաքապետարանի մոտից:
Ոստիկանությունը նաեւ հայտարարություն էր տարածել` ցուցարարներին մեղադրելով ապօրինությունների մեջ եւ սպառնալով. «Չնայած այն հանգամանքին, որ արդեն մոտ երկու տարի ոստիկանության ծառայողները դրսեւորել են հանդուրժողականություն եւ չեն տրվել սադրանքների, այնուամենայնիվ կրկին անգամ հիշեցնում ենք, որ կատարվող իրավախախտումները նախականխելու եւ խափանելու նպատակով, որպես ծայրահեղ միջոց, ՀՀ ոստիկանությունը իրավասու է ցանկացած պահի` օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով կիրառել ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ»:





























