News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի բնակիչները բողոքում ու պահանջում են` փրկել իրենց Բերդի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արամ Հարությունյանի ճիրաններից: Այս մասին ասված է Բերդի մի խումբ բնակիչների՝ NEWS.am-ի խմբագրություն ուղարկված նամակից։

Նրանք նշում են, որ բժշկի հանցանքների մասին բազմիցս տեղեկացրել են իշխանություններին, պատասխանատու մարմիններին, սկսել են դատական գործընթացներ, բայց դրանք կոչվել են վերջինիս կաշառքների շնորհիվ։ Բնակիչները բազմաթիվ մեղադրանքներ են հնչեցնում սկսած նրանից, որ նա հիվանդանոցում դեղատուն ունի, որտեղ դեղերն առնվազն հինգ անգամ թանկ է, վերջացրած «Շտապօգնությունը» շահութաբեր բիզնես վերածելուն, հիվանդների օրգանները վաճառելուն, անալիզներ կեղծելուն եւ այլն։

Նրանք նաեւ մի քանի դեպքերի մասին են ներկայացրել, ինչպես Մովսես գյուղից Սոս Ղուկասյանին։ «32-ամյա Սոս Ղուկասյանը մեքենայով ձորն էր ընկել 2004թ-ի հուլիսի 24-ին, ոչ մի կոտրվածք չէր ստացել, իր ուժերով դուրս էր եկել ձորից: 130 հազար դրամ արժեցած շտապօգնությունը Սոսին տեղափոխել էր Բերդի հիվանդանոց: Արամ Հարությունյանը նրան անհարկի վիրահատություն է արել, հանել փայծաղը` հարազատներին հավատացնելով, թե առանց հանելու կմահանար: Մի քանի ժամ հետո հիվանդի վիճակը կտրուկ վատացել է, Հարությունյանը նորից վիրահատել է, իսկ նրա հանցակից Արմեն Գալստյանը որովայնից արտահոսած արյունը նորից ներարկելով` հիվանդին հասցրել է ծայրահեղ վիճակի: Սոսի հարազատները որոշել են տանել նրան այլ հիվանդանոց:  Զգալով վտանգը` Արամ Հարությունյանը երրորդ վիրահատությունն է արել` կարելով հիվանդի աղիքները ստամոքսին, որ հետո մեղքը գցի այլ բժշկի վրա: Այս ամենի ապացույցն ունի Սոս Ղուկասյանի մայրը: Բերդի հիվանդանոցից Սոսին հանելու ժամանակ Արամ Հարությունյանը, եկամուտի աղբյուրը կորցնելուց կատաղած` խլել է պատգարակը, տակից վերցրել բարձն ու վայրենաբար քաշելով` բերանից հանել զոնդը: Էրեբունու հիվանդանոց հասցնելուց հետո Սոսը մահացել է, այնտեղ պարզել են, որ նա ոչ մի կոտրվածք չունի, մահը վրա է հասել սխալ վիրահատությունների արդյունքում առաջացած որովայնամզի բորբոքումից (պերիտոնիտ): Մարդակեր Արամ Հարությունյանի թեթև ձեռքով Սոսի 8-ամյա դուստրը որբացավ, որդեկորույս մայրը բողոքեց մինչև Եվրոդատարան, որտեղ նույնպես հասավ Հարությունյանի կաշառատու ձեռքն ու գործը կարճվեց:

Նավուր գյուղից 14-ամյա Սարինե Մադոյանի անալիզները կեղծելով` նրան «կույրաղիքի» վիրահատության ենթարկեցին, երկրորդ անգամ անհարկի հեռացրին ձվարանը, առաջացած բարդությանը հետևեց երրորդ վիրահատությունը: Երեխան մահացավ, իսկ հետո պարզվեց, որ նրա կույրաղիքը հանված չէ, Հարությունյանն ուղղակի կտրել ու կարել էր` գումարները գռփելով:

Ծննդկան Կարինե Աթոյանին պտուղն արգանդում սպանեցին` նրան սխալ դեղեր ներարկելով, ինչը հաստատված է դատաբժշկությամբ»,- ասված է նրանց նամակում:

Հնչեցված մեղադրանքների շուրջ զրուցեցինք Բերդի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արամ Հարությունյանի հետ, ով հերքեց բնակիչների՝ նամակում բերված տեղեկությունները եւ շեշտեց, որ ներկայացված ոչ մի մեղադրանք չի ընդունում, դրանք սուտ են։ Գլխավոր բժշկի խոսքով՝ վերոնշյալ բոլոր  դեպքերով եղել են իրավական գործընթացներ, որոնցով իր մեղավորությունը չի ապացուցվել, եւ դրանց տրվել են համապատասխան գնահատականներ։ Բժիշկը պատրաստակամություն հայտնեց առանձին-առանձին անդրադառնալ դեպքերին եւ ներկայացնել փաստաթղթեր։ Սոս Ղուկասյանի մասին խոսելով՝ շեշտեց, որ իր կողմից արված երկու վիրահատությունը ճիշտ էր դուրս եկել, նա մահացել էր կատարված երրորդ վիրահատությունից հետո։

Նա նշեց, որ նման նամակներ տարածողներն ընդամենը երկու հոգի են, որոնց ուղղորդում է պոլիկլինկայի նախկին վարիչը, ով բուժհիմնարկների միավորման արդյունքում գլխավոր բժիշկ չի դարձել։ Արամ Հարությունյանի փոխանցմամբ՝ նոյեմբերին նորից գլխավոր բժշկի ընտրություններ են, իր լիազորությունների ժամկետն ավարտվում է, այդ պատճառով պոլիկլինկայի նախկին վարիչը ակտիվացել է եւ նման տեղեկություններ է տարածում։

Տպել
Ամենաշատ
Partner news