Եվրամիությունը եւ Թուրքիան դեկտեմբերի 16-ին ռեադմիսիայի մասին համաձայնագիր կստորագրեն՝ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու բանակցությունների շրջանակում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ Բրյուսելում ներքին գործերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստերի եւ ընդլայնման եւ հարեւանության եվրոպական քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպումն ամփոփող մամուլի ասուլիսում:
Օրակարգի գլխավոր հարցերից էր Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը:
«Թուրքական եւ եվրոպական նախարարությունների երկարատեւ ջանքերից հետո մենք այսօր համաձայնեցինք, որ դեկտեմբերի 16-ին Անկարայում պաշտոնապես վիզային ռեժիմի պարզեցման հարցով երկխոսություն կսկսենք եւ ռեադմիսիայի մասին համաձայնագիր կստորագրենք», - ասել է Դավութօղլուն:
Ըստ նրա՝ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման գործընթացը կարող է մինչեւ երեք տարի տեւել:
«Թուրքիան Եվրապայի մի մասն է, ու այս որոշումը պատմական իրողությունների արդյունք է», - նրա խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»:
Իր հերթին Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Թուրքիայի հետ ռեադմիսիայի եւ վիզային ռեժիմի շուրջ պայմանավորվածությունները կօգնեն ԵՄ-ին անդամակցելու գործընթացին:
«Հենց որ ռեադմիսիայի համաձայնագիր ստորագրվի եւ վիզային ռեժիմի ազատականացման հարցով երկխոսություն սկսվի, դա կայուն հիմք կստեղծի մեր հարաբերությունների համար, եւ, առաջին հերթին, դրական կանդրադառնա ԵՄ մտնելու բանակցությունների վերսկսման համար»,- ասել է Ֆյուլեն:





























