ՀԱՀ-ի վարչական մայրաքաղաք Պրետորիայում սկսվել է Նելսոն Մանդելային հրաժեշտ տալու եռօրյա արարողությունը:
Սգո թափորը Մանդելայի մարմինը Առաջին զինվորական հոսպիտալից տեղափոխել է «Յունիոն Բիլդինգս» նախագահական պալատ: Քաղաքի հարյուրավոր բնակիչներ դուրս են եկել փողոց՝ ազգային դրոշի գույներով ծածկված ապակե կափարիչով դագաղը տանող թափորը դիտելու համար:
Դագաղը դրված է պալատի կենտրոնական մասում, որը դեկտեմբերի 10-ին պաշտոնապես ստացել է Նելսոն Մանդելայի Ամֆիթատրոն անվանումը:
Առաջին հերթին Մանդելային հրաժեշտ տալու կգան հարազատները եւ բարձրաստիճան հյուրերը: Սպասվում է, որ դագաղի կողքով մեկ ժամվա ընթացքում կանցնի շուրջ երկու հազար մարդ:
Մանդելային հրաժեշտ տալու արարողությունը կտեւի մինչեւ դեկտեմբերի 13-ը: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին՝ Արեւելյան Քեյփ նահանգի Կունու գյուղում, որտեղ նա ծնվել եւ բնակվել մեծ քաղաքականությունից հեռանալուց հետո:





























