Կիմ Գեն Խին՝ Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Իր Սենի քույրն ու երկրի ներկայիս ղեկավար Կիմ Չեն Ընի հորաքույրը, չնայած ամուսնու՝ Չան Սոն Տխեկայի մահապատժին, պահպանել է բարձր դիրքն ու շարունակում է հասարակական գործունեություն ծավալել:
Նրա անունն ընդգրկված է Աշխատավորական կուսակցությունում գրաքննության դեպարտամենտի ղեկավար Կիմ Գուկ Տհեի թաղման արարողության համար կազմված պետական հանձնաժողովի անդամների շարքում: Կիմ Գուկ Տհեն, ով համարվում էր Կիմ Իր Սենի զինվորական ընկերը 1950-1953թթ. կորեական պատերազմի ընթացքում, վախճանվել է դեկտեմբերի 13-ին, նշում է ՌԻԱ Նովոստին:
Անունը հանձնաժողովի կազմում ընդգրկելու փաստը վկայում է, որ Կիմ Գեն Խին պահպանել է քաղաքական կարգավիճակը՝ չնայած նրան, որ իր ամուսնուն պետական դավաճանության համար մահապատժի են ենթարկել:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայում երկրորդ դեմքը համարվող գորշ կարդինալ 67-ամյա Չան Սոն Տհեկը պետական դավաճան էր ճանաչվել ու մահապատժի էր ենթարկվել դեկտեմբերի 13-ին:





























