Հայաստանի ՊՆ N զորամասում դեկտեմբերի 10-ին մահացած զինծառայող, Չինարի գյուղի բնակիչ, շարքային Վանիչկա Հովակիմյանին ինքնասպանության հասցնելու կասկածանքով կալանավորված 19-ամյա Շմավոն Կյուրեղյանը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահակություն է անում: Այս մասին NEWS.am-ին ասացին մահացած զինվորի համագյուղացիները՝ նշելով, որ այս տեղեկությունը բարկացրել է Վանիչկայի հարազատներին։ «Աբովյանցի էդ տղան ոչ էլ բանտարկված է: Զենքը տվել են ձեռքը, ու հիմա պահակություն ա անում բերդում»,- ասաց աղբյուրը` խնդրելով անունը չհրապարակել:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից NEWS.am-ին տեղեկացրին, որ Շմավոր Կյուրեղյանը Վանաձոևրում չէ, բայց տեղեկություն չտվեցին նրա պահվելու վայրի մասին՝ հղում անելով «Ձերբակալված եւ կալանավորված անձանց մասին» ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածին, որով կալանավորների գտնվելու վայրի մասին տեղեկություն տրամադրվում է միայն նրա համաձայնությամբ։

Շմավոն Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 359-րդ հոդվածի 3-րդ մասի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում՝ զենք կամ առողջությանը վնաս պատճառելու համար հատուկ հարմարեցված այլ առարկաներ գործադրելով) եւ 182-րդ հոդվածի 1-ին մասի (շորթում) հատկանիշներով:

Գյուղում տեղեկություններ ունեն նույն գործով կալանավորված մյուս զինծառայողի մասին. 20-ամյա Պարույր Մկրտչյանը հարևան Այգեձոր գյուղից է. «Սևանում են ապրել, բայց արմատներով մեր մոտից է, կողքի գյուղից: Ասում են, որ ծայրահեղ աղքատ ընտանիքից է»: Սևանցի զինծառայողին մեղադրանք է առաջադրվել միայն ՔՕ-ի 359-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Չինարիի բնակիչները որոշել էին Նոր տարի չնշել իրենց համագյուղացու ընտանիքում կատարված ողբերգության պատճառով, սակայն Վանիչկայի հայրը` Արամայիսը, գյուղացիներին ստիպել է զարդարել տներն ու նշել Ամանորը. «Մեզ ասաց, որ Վանիչկան չէր ուզի, որ Նոր տարի չանեինք: Մենք էլ ամեն տարվա պես նշեցինք»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց գյուղացիներից մեկը:

Գյուղացիների խոսքով` Վանիչկայի ծնողներն ու հարազատներն անցել են իրենց ամենօրյա գործերին, սակայն խուսափում են հասարակության հետ շփվելուց:

NEWS.am-ի հետ զրույցում մահացած զինվորի քույրը` Ռուզաննա Հովակիմյանը, ասաց, որ իրենք նախընտրում են լռել. «Այս թեմայից խոսելն ինձ համար նույնն է, ոնց որ ամբողջ մարմնիս մակերեսին ասեղներ խրեմ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է ինքնասպանության հասցնելը: Քրգործի շրջանակում կալանավորվել են նրա երկու ծառակիցներն ու վաշտի հրամանատարը: Ինքնասպանությունից առաջ Վանիչկան զանգահարել էր հորն ու ասել, որ իրեն այլեւս չեն տեսնի։ Դեկտեմբերի 12-ին գտել են նրա թողած գրությունը: Վանիչկան գրել էր, որ ինքնասպանություն է գործում հեռախոսի պատճառով, որն ինչ-որ մեկը գողացել է ու գցել իր ուսապարկը: