Կուբայի իշխանությունները ձերբակալել են Տեսակ մականվամբ հայտնի ռուս ազգայնական Մաքսիմ Մարցինկեւիչին, որին  նկատմամբ ռուս իրավապահ մարմինները միջազգային հետախուզում էին հայտարարել, հաղորդում են Ռուսաստանի ՆԳՆ-ից:

«Մեր գործընկերները Կուբայից հաղորդել են Մաքսիմ Մարցինկեւիչի ձերբակալության մասին»,- հաղորդում է գերատեսչությունը:

Հաղորդում են, որ 2005թ.-ին Մարցինկեւիչը հիմնել էր սափրագլուխների  ուլտրաազգայնական «Ֆորմատ-18» խմբավորումը(անվանման մեջ գաղտնավորված է Adolf Hitler անունը. «A»-ն լատինական այբուբենի 1-ին տառն է, «H»-ն՝ 8-րդը): Կազմակերպության անդամները հայտնի են աշխատանքային միգրանտների ու անօթեւանների վրա հարձակումներով, ինչպես նաեւ սեւամորթների, գեյերի ու հակաֆաշիստների հանդեպ ատելությամբ:

2010թ.-ին խմբավորումը Ռուսաստանում ճանաչվել էր ծայրահեղական ու արգելվել էր:

Անցյալ տարի փետրվարին Մարցինկեւիչը եւ նրա թիկնապահները ձերբակալվել էին Բելառուսում  տեղացի երեք հակաֆաշիստների հետ բախումից հետո, որոնցից մեկը, ինչպես հաղորդում են, ստացել է դանակի լուրջ հարվածներ: Ավելի ուշ Մարցինկեւիչին ազատ էին արձակել մեկուսարանից «պարտադիր ներկայանալու» պայմանով, սակայն դատարան նա չէր ներկայացել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: