ԱՄՆ-ում առեւանգել են Ստրադիվարիուսի ջութակը: 300 տարի առաջ պատրաստված գործիքը գողացել են Միլուոկի քաղաքի Սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Ֆրենկ Էլմոնդի մոտից:
Միջադեպը տեղի էր ունեցել երկուշաբթի ուշ երեկոյան` Միլուոկի քաղաքի լյութերական քոլեջի ավտոկայանատեղում, քոլեջում նվագախումբը համերգ էր տալիս: Հանցագործն Էլմոնդին հարվածել է էլեկտրաշոկով, այնուհետեւ ֆուրգոնով փախել անհայտ ուղղությամբ, որի ղեկին իր հանցակիցն էր եղել: Ոստիկանությունը դեռ չի հայտնաբերել գողերին:
Նշվում է, որ գողացված գործիքը պատրաստվել էր 1715թ., այն երաժշտական շրջանակներում հայտնի է որպես «Լիպինսկու Ստրադիվարիուս»: Նրա տերը եղել է լեհ վիրտուոզ ջութակահար եւ կոմպոզիտոր Կարոլ Լիպինսկին (1790-1861), իսկ նրանից առաջ` իտալացի ջութակահար Ջուզեպե Տարտինին (1692-1770), հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Լիպինսկու ջութակը» Էլմոնդին էին հանձնել որոշ մարդիկ, որոնք «սերտ կապեր ունեն Միլուոկիի հետ»: Ըստ լրատվամիջոցների` գործիքի գինը համարժեք է Ստրադիվարիուսի մյուս ջութակի գնին, որը 2006թ. վաճառվել էր 3,5 միլիոն դոլարով:



























