Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի գործով մեղադրյալի խափանման միջոցի հարցով Վերաքննիչ դատարանում բողոքը կլսեն մարտի 25-ին: Գործով մեղադրյալ, «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանի փաստաբան Լիանա Բալյանը NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք բողոքարկել էին խափանման միջոց կալանքը երկարացնելու հարցը:

Քննիչը մերժել է փաստաբանի միջնորդությունը կրկնակի փորձաքննություններ նշանակելու, ինչպես նաեւ «Գազելի» դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ: Լիանա Բալյանը բողոքարկել է քննիչի այդ որոշումը Շիրակի մարզի դատախազին, որպեսզի նշանակի համալիր փորձաքննություն, քրեական գործ հարուցի «Գազելի» վարորդի դեմ, վերացնի քննիչի միջնորդությունը եւ չհաստատի մեղադրական եզրակացությունը:

Գործով քննությունը ավարտվել է, առայժմ հայտնի չէ՝ դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, թե ոչ, եւ երբ գործը կուղարկվի դատարան:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2014թ. նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երեւան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, կալանավորված է: