Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի գործով նախաքննությունն ավարտվել է եւ այն կուղարկվի դատարան: Գործով մեղադրյալ, «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանի փաստաբան Լիանա Բալյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երեկ գնացել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ և քննիչը հայտարարել է Մանվել Վարդանյանի քրեական գործի ավարտի մասին, այն պետք է ուղարկվի դատարան: Մեղադրական եզրակացությունը դեռ չի հաստատվել դատախազի կողմից:
Փաստաբանը փոխանցեց, որ գործով պարզվել է, որ «Կամազ» մակնիշի մեքենան գտնվել է տեխնիկապես սարքին վիճակում, իսկ «Գազելի» բանվորական արգելակային համակարգը և կախոցները գտնվել են տեխնիկապես անսարք վիճակում: «Գազել ավտոմոբիլի անիվները ունեցել են տեղամասային լրիվ մաշվածություններ, որը դասվում է ավտոմոբիլների շահագործման արգելող պայմանների թվին: Գազելը տեղափոխել է նախատեսվածից ավել ուղևորներ»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ միջնորդել է քրեական գործ հարուցել «Գազել» մեքենայի վարորդ Ռազմիկ Մկրտչյանի նկատմամբ, քանի որ վստահ է՝ նրա մեղավորությունը առկա է:
Լիանա Բալյանը նշեց նաեւ, որ «Գազելի» գծի տերը մի քանի օր առաջ քաղ հայց է ներկայացրել Մանվել Վարդանյանի դեմ և նրանից պահանջում է 3.600 000 ՀՀ դրամ՝ որպես բաց թողնված օգուտ: Գծի տերը պատճառաբանում է, որ օրական ստացել են 45 000 ՀՀ դրամ շահույթ, իսկ 80 օրվա ընթացքում եթե «Գազելը» չայրվեր և ուղևորներ տեղափոխեր, ապա շահույթը կկազմեր 3 600 000 ՀՀ դրամ, իսկ Մանվել Վարդանյանի պատճառով իրենք զրկվել են շահույթից:
Ինչ վերաբերում է դատահոգեբանական փորձաքննությանը, ապա պարզվել է, որ Մանվել Վարդանյանը մեքենան վարել է հանգիստ վիճակում և մեքենան վարել է նորմայով սահմանված վիճակում, իսկ վթարից հետո գտնվել է խուճապի մեջ: Ըստ փորձաքննության՝ հրդեհի առաջացման պատճառը գազելի վրա թափված դիզելային վառելիքի բռնկումն է և հրդեհի զարգացմանն ու տարածմանը նպաստել է շարժիչային հատվածում գազասնուցման համակարգից արտահոսող գազը: Փաստաբան Լիանա Բալյանը միջնորդություն է ներկայացրել նշանակել կրկնակի ավտոտեխնիկական, դատանյութագիտական, դատահրդեհատեխնիկական և ավտոտեխնիկական փորձաքննություններ և փորձաքննությունները հանձնարարել ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին: «Տարօրինակ է, որ հին, տեխնիկապես անսարք և մաշված անվադողերով գազելը փորձաքննությամբ գնահատվել է 2 200 000 ՀՀ դրամ, իսկ «Կամազի» վնասված մասերը` ընդամենը 655 000 ՀՀ դրամ: Վթարի վայրը գծագրվել է ոչ փորձագետ քննիչի կողմից և գծագիրը, որպես տեխնիկական եզրակացություն հիմք է ծառայել փորձաքննությունների համար»,-ասաց Լիանա Բալյանը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2014թ. նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երեւան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, կալանավորված է:





























