News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հետ հարցազրույցում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Սինգապուրի Հանրապետությունում եւ Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը պատմում է հայ-չինական հարաբերությունների, ՀՀ դեսպանության աշխատանքային առօրյայի ու հայ համայնքի մասին:

Պարոն դեսպան, ներկայացրեք, խնդրեմ, հայ-չինական հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ, մասնավորապես, ի՞նչ ուղղություններով է աշխատում Չինաստանում ՀՀ դեսպանությունը։

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխգործակցությունը դինամիկ զարգանում է՝ տարեցտարի ներառելով նոր ոլորտներ: Շարունակվում է արդյունավետ համագործակցությունը եւ փոխադարձ աջակցությունը միջազգային տարբեր կառույցների շրջանակներում։

Վերջին տարիներին աննախադեպ ակտիվացել է երկու երկրների միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։ Այս առումով կցանկանայի առանձնացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի այս տարվա մարտին կատարած պետական այցը Չինաստան, ինչը երկու երկրների բարեկամական հարաբերությունները որակական նոր մակարդակի է բարձրացրել եւ նոր թափ հաղորդել երկկողմ համագործակցությանը: Այցի ընթացքում ստորագրվել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր, այդ թվում՝ Հայաստանի եւ Չինաստանի նախագահների կողմից ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման եւ խորացման մասին» համատեղ հռչակագիրը: Այս կարեւորագույն փաստաթղթերով երկու պետությունները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը խորացնելու ավանդական բարեկամությունը, ակտիվացնելու բարձր մակարդակի փոխադարձ շփումները, ամրապնդելու քաղաքական երկխոսությունը, ինչպես նաեւ համագործակցությունը տնտեսության, առեւտրի, ենթակառուցվածքների, մշակույթի, կրթության եւ զբոսաշրջության բնագավառներում:

Երկկողմ փոխգործակցության հետագա զարգացման եւ ամրապնդման համար կարեւոր էր նաեւ այս տարվա սեպտեմբերին կայացած ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Չինաստան եւ նրա բանակցությունները Չինաստանի Պետխորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ:

Կարելի է փաստել, որ դեսպանության այսօրվա գործունեության հիմնական ուղղությունները բխում են վերը նշված այցերի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններից:

Ինչպես հայտնի է, չինական կապիտալը ներկայումս ամենուրեք է։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում հայկական ներդրումային դաշտը Չինաստանում ներկայացնելու համար եւ ի՞նչ արդյունքներ են գրանցվել այս ոլորտում։

Առեւտրատնտեսական կապերը հայ-չինական համագործակցության կարեւոր բաղկացուցիչն են։ Վերջին տարիներին երկու երկրների միջեւ տվյալ բնագավառում նկատելի առաջընթաց է արձանագրվել, եւ զգալի աճել է ապրանքաշրջանառությունը, որը 2014թ. տվյալներով կազմել է 587.8 մլն ԱՄՆ դոլար: Այս առումով մեծապես կարեւորվում է Առեւտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի դերը, որի նիստերն պարբերաբար անցկացվում Երեւանում եւ Պեկինում:

Երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացման համար նոր հնարավորություններ է ընձեռում Չինաստանի Նախագահ Սի Ծինփինի կողմից առաջ քաշված Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի ձեւավորելու վերաբերյալ գաղափարը: Հայաստանի Նախագահի եւ վարչապետի Չինաստան կատարած այցերի ընթացքում մանրամասն քննարկվել է Իրան–Հայաստան երկաթուղու, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ներդրումային ծրագրերը Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման ծրագրին կապելու հնարավորությունը։ Չինաստանի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել այս ծրագրերի կյանքի կոչմանը։ Ներկայումս մի շարք չինական խոշոր ընկերությունների հետ այս ուղղությամբ ընթանում են ակտիվ բանակցություններ։

Երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա չինական շահագրգիռ ընկերությունների հետ բանակցություններ են վարվում նաեւ Հայաստանում արդիական պղնձաձուլարան կառուցելու, ապակու, ցեմենտի արտադրություն հիմնելու եւ մի շարք այլ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների վերաբերյալ։

Դեսպանությունը մշտապես աշխատանքներ է տանում Չինաստան հայկական ապրանքների արտահանման ծավալների ավելացման եւ Հայաստանում չինական ներդրումների խրախուսման ուղղությամբ: Տվյալ հարցերի շուրջ քննարկումներ են անցկացվում ՉԺՀ համապատասխան գերատեսչությունների ու կառույցների պաշտոնյաների եւ գործարար շրջանակների հետ: Նրանց տրամադրվում է Հայաստանում ներդրումային հնարավորությունների վերաբերյալ փաթեթները՝ ՀՀ  կառավարության եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված բոլոր ծրագրերով:

Որո՞նք են հայկական համայնքի հիմնական խնդիրները Չինաստանում եւ ի՞նչ հիմնական ուղղություններով է աշխատում ՀՀ դեսպանությունը համայնքի հետ։

Չինաստանում հայերի մասին առաջին հիշատակումները թվագրվում են դեռեւս 2-րդ դարով, երբ հայերը Մետաքսի մեծ ճանապարհով մետաքս եւ այլ ապրանքներ արտահանող վաճառականներ էին: Հետագայում, պատմության ընթացքում Գուանջոու, Շենժեն, Շանհայ, Խարբին քաղաքներում, ինչպես նաեւ Հոնկոնգում գոյություն են ունեցել փոքրաթիվ հայկական գաղութներ:

Այսօր էլ համայնքը սակավաթիվ է, հիմնականում բաղկացած է աշխարհի տարբեր երկրներից Չինաստան եկած հայերից, ովքեր աշխատում կամ սովորում են Չինաստանի տարբեր քաղաքներում:

Ասեմ, որ 2013թ. նոյեմբերից Հոնկոնգում բացվել է «Ջեք եւ Ջուլի Մաքսյանների Հոնկոնգի հայկական կենտրոնը» եւ ստեղծվել է տարածաշրջանում առաջին հայ համայնքային կառույցը՝ «Չինաստանի հայ համայնք» կազմակերպությունը: Կենտրոնը նպատակ ունի միավորելու Չինաստանի եւ ամբողջ տարածաշրջանի հայերին եւ պահպանելու Հայաստանից հեռու գտնվող մեր հայրենակիցների ազգային ավանդույթներն ու դիմագիծը: Կենտրոնի բացմանը մասնակցել եւ իր օրհնությունն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ի դեպ նշեմ, որ Չինաստան կատարած իր հովվապետական այցի շրջանակներում Վեհափառ Հայրապետն այցելեց նաեւ Պեկին, որտեղ օրհնեց ՀՀ դեսպանության տարածքում տեղադրված Չինաստանում առաջին խաչքարը:

Դեսպանությունը մշտական կապի մեջ է «Չինաստանի հայ համայնք» կազմակերպության հետ, տարբեր երկրներից Չինաստան ժամանած հայ ուսանողների, գործարարների հետ: Պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ եւ տարբեր միջոցառումներ նրանց մասնակցությամբ: Օրինակ՝ մեր դեսպանությունում ամեն տարի կազմակերպում ենք ՀՀ անկախության տարեդարձին նվիրված տոնական հավաք-ընդունելություն հայերի համար, Ամանորյա հանդեսներ: Մենք ամեն կերպ օժանդակում, աջակցում ենք համայնքի բոլոր նախաձեռնություններին, այդ թվում` հայ ուսանողների մասնակցությամբ Չինաստանի տարբեր բուհերում կազմակերպվող տարաբնույթ միջոցառումների անցկացմանը:

Ակտիվ է նաեւ նորաստեղծ «Չինաստանի ուսանողական միությունը», որն արդեն երկրորդ տարին է կազմակերպում է Չինաստանում hայ հետազոտողների եւ ուսանողների առցանց գիտաժողով՝ նպատակ ունենալով միավորել Չինաստանի տարբեր քաղաքներում գտնվող հայ ուսանողներին ու հետազոտողներին:

Հայաստանում մի քանի տարի է ինչ գործում է Կոնֆուցիուսի ինստիտուտը, բավական մեծ թվով հայ ուսանողներ այսօր սովորում են Չինաստանում։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկում Չինաստանում ՀՀ դեսպանությունը՝ կրթական ոլորտում երկկողմ հարաբերություններն ընդլայնելու եւ, մասնավորապես, չինացի ուսանողներին Հայաստան ուսանելու նպատակով հրավիրելու ուղղությամբ։

Հայ-չինական երկկողմ հարաբերությունների շրջանակում իր ուրույն տեղն ունի գիտության եւ կրթության ոլորտը։ Երկու կողմերն առանձնահատուկ կարեւորում են համագործակցությունն այս բնագավառում։ Հաջողությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր ուսանողների փոխանակման, լեզվի դասավանդման, գիտական հետազոտությունների եւ այլ ուղղություններով։ Դրանց շարքում առաջին հերթին պետք է նշել ուսանողների փոխանակման ծրագիրը, որը տարեցտարի զարգանում եւ ավելի ընդգրկուն է դառնում։ Ներկայումս Չինաստանի կառավարության կողմից հայ ուսանողների համար տարեկան հիսուն կրթաթոշակային տեղեր են հատկացվում բուհական եւ հետբուհական կրթական ծրագրերի համար։ Կրթաթոշակներ են տրամադրվում նաեւ չինացի ուսանողներին՝ Հայաստանում ուսանելու համար։

Ինչպես գիտեք, Վ.Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանին կից Կոնֆուցիոսի ինստիտուտը սկսել է գործել 2009թ-ին՝ դառնալով առաջին նմանատիպ կենտրոնը Հարավային Կովկասում։ Ինստիտուտի ջանքերի շնորհիվ վերջին տարիներին չինարենը դասավանդվում է երեւանյան մի շարք բուհերում եւ հանրակրթական դպրոցներում: Չինարենի ուսուցման կենտրոններ են բացվել Երեւանի պետական համալսարանում, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում, դասասենյակներ՝ Երեւանի եւ Գյումրիի մի քանի հանրակրթական դպրոցներում։

Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա այստեղ տարբեր ԲՈՒՀ-երում ձեւավորվում են տաղավարներ, ուր հայ ուսանողները չինացի եւ այլազգի հյուրերին ծանոթացնում են հայկական ավանդույթներին, մշակույթին ու պատմությանը, նաեւ խոհանոցին:

Ասեմ ավելին, հաշվի առնելով մեր երկրում չինարեն լեզվի նկատմամբ տարեցտարի աճող հետաքրքրությունը՝ մոտ ապագայում նախատեսվում է չինարենի խորացված ուսուցման դպրոցի կառուցումը Երեւանում։

Ուշագրավ է, որ նախորդ տարվանից հայերեն ուսանելու հնարավորություն ունեն նաեւ չինացի ուսանողները։ 2014 թվականի սեպտեմբերից ՉԺՀ կրթության նախարարության աջակցությամբ, Չինաստանի լեզվաբանական լավագույն բուհերից մեկում՝ Պեկինի օտար լեզուների համալսարանում (ՊՕԼՀ) նույն բուհի հայազգի ասպիրանտի կողմից իրականացվում են հայերեն լեզվի դասեր: Ուրախալի է, որ, չնայած առարկայի կամընտրական լինելուն, հայերենի ուսումնասիրությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել չինացի ուսանողների շրջանում, որոնցից շատերը ցանկություն են հայտնել ուսումը շարունակել Հայաստանում: Լեզվի հետ միասին անցկացվում են նաեւ մշակութային դասեր՝ հնարավորություն տալով ուսանողներին ծանոթանալու նաեւ Հայաստանի մշակույթին եւ պատմությանը։

Զարգանում է նաեւ համագործակցությունը երկու երկրների ԲՈՒՀ-երի միջեւ։ Որպես հաջողված համագործակցության օրինակ կարելի է բերել Վ.Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի եւ ՉԺՀ Դալիանի օտար լեզուների համալսարանի համագործակցությունը, որի շնորհիվ ընդամենը մի քանի օր առաջ` դեկտեմբերի 9-ին, բացվել է ՉԺՀ-ում առայժմ միակ հայագիտության կենտրոնը։ Մոտ ապագայում չինագիտության կենտրոն է բացվելու նաեւ Վ.Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում։

Այս տարի նշվում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Ներկայացրեք, խնդրեմ, Չինաստանում կայացած միջոցառումները։

Չինաստանի առանձնահատկություններից ելնելով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները հիմնականում իրականացվում են մեր դեսպանության տարածքում: Կազմակերպել ենք գրական-երաժշտական հուշ-երեկոներ, ցեղասպանության մասին վկայող տպագիր նյութերի, հոդվածների եւ լուսանկարների ցուցադրում, հայկական ֆիլմերի դիտում եւ քննարկումներ:

Ապրիլի 24-ին Չինաստանում հայկական համայնքի անդամներն այցելել են Նանջինգի Ցեղասպանության թանգարան եւ ծաղիկներ զետեղել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության եւ Նանջինգի կոտորածների զոհերի հիշատակին: Նանջինգի Արվեստի համալսարանի ցուցասրահում կայացել է «Զարթոնք» խորագիրը կրող նկարների ցուցահանդեսը, մոսկվաբնակ դաշնակահար Միքայել Հայրապետյանը հանդես է եկել «Հայաստանի գաղտնիքները» դաշնամուրային համերգային ծրագրով` կատարելով հայ կոմպոզիտորների դասական երաժշտական ստեղծագործությունները: Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Պեկինի «Bookworm» գրախանութում եւ մի շարք այլ հաստատություններում կայացել է ամերիկահայ գրող Դանա Ուոլրաթի` Հայոց ցեղասպանության մասին պատմող «Like Water on Stone» գրքի շնորհանդեսը:

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններ են տեղի ունեցել նաեւ Հոնկոնգի հայկական կենտրոնում, Շենժենում, Շանհայում:

Համատեղության կարգով հանդիսանում եք նաեւ ՀՀ դեսպան Սինգապուրում եւ Մոնղոլիայում։ Ի՞նչ մակարդակի վրա են ներկայումս գտնվում Հայաստանի հարաբերությունները այս երկու երկրների հետ։

Հայ-սինգապուրյան կապերը գոյություն ունեն արդեն 200 տարուց ավելի։ Հայերն են Սինգապուրում տպագրել առաջին թերթը, հիմնել առաջին քրիստոնեական եկեղեցին, Սինգապուրի ազգային խորհրդանիշ հանդիսացող խոլորձը անվանակոչված է նրա հայազգի հայտնագործի՝ Ագնես Ջոակիմի (Աշխեն Հովակիմյան) անվամբ, հայազգի գործարարներ Սարգիս եղբայրների կողմից Սինգապուրում հիմնադրվել է հանրաճանաչ ՛՛Raffles՛՛ հյուրանոցը: Այսօր էլ Սինգապուրում գոյություն ունեցող ոչ մեծ հայ համայնքը երկրի տնտեսական, հասարակական եւ մշակութային կյանքում իր դրական ներգրավվածությամբ նպաստում է հայ-սինգապուրյան բարեկամության կառուցման գործին:

Հայ-սինգապուրյան հարաբերություններում նոր էջ բացեց 2009թ. Սինգապուրի հիմնադիր վարչապետ Լի Կուան Յուի այցելությունը Հայաստան: Դրան հետեւեց 2012թ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Սինգապուր, որը երկկողմ հարաբերությունների պատմության մեջ առաջինն էր։ Կայացավ նաեւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Սինգապուր։ Կարծում եմ՝ այս ամենը հիմք է ստեղծել Հայաստան-Սինգապուր միջպետական համագործակցության հետագա վերընթաց զարգացման համար:

Ինչ վերաբերում է Մոնղոլիային, ապա պետք է նշեմ, որ մինչ 2014թ. Հայաստանը Մոնղոլիայում հավատարմագրված դեսպան չի ունեցել: Մոնղոլիայի հետ հարաբերությունները դեռեւս ձեւավորման փուլում են: Ներկայումս աշխատանքներ են տարվում տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության խթանման ուղիների մշակման եւ համապատասխան իրավապայմանագրային հիմքի ձեւավորման շուրջ։

Ասեմ, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման մեջ իրենց յուրահատուկ ներդրումը կարող են ունենալ նախկինում Հայաստանի բուհերում իրենց ուսումը ստացած Մոնղոլիայի քաղաքացիները, որոնք ակտիվ դերակատարություն ունեն երկրի մշակութային կյանքում: Այժմ Մոնղոլիայում ապրում եւ աշխատում են Հայաստանում ուսում ստացած շուրջ 30 քաղաքացիներ, որոնց մեծամասնությունն ավարտել է Երեւանի երաժշտական ուսումնարաններն ու Երեւանի պետական կոնսերվատորիան: Նրանց ջանքերով եւ դեսպանության աջակցությամբ նախորդ տարվանից Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում ստեղծվել եւ հաջողությամբ գործում է հայկական ակումբ:

Այս հարցը տալիս ենք խորագրի շրջանակներում մեր բոլոր զրուցակիցներին։ Ի՟նչ խորհուրդ կտաք դիվանագետի մասնագիտությունն ընրտել պատրաստվողներին:

Դիվանագետի մասնագիտություն ընտրել պատրաստվողներին կամ արդեն երիտասարդ դիվանագետներին միանգամից ասեմ, որ ամենակարեւորը հայրենասիրությունն ու գործին նվիրվածությունն է, անձնավիրաբար իրենց երկրին ծառայելու պատրաստակամությունը:

Դիվանագետը պետք է լինի շրջահայաց եւ ճկուն, որպեսզի տարբեր իրավիճակներում կարողանա արագ կողմնորոշվել: Նա նաեւ պետք է լինի ջանասեր, մշտապես աշխատի իր մասնագիտական հմտությունների բարելավման ուղղությամբ:

Մի անտեսեք հումորը: Հիշեք, որ տեղին ասված դիպուկ, սուր խոսքը կարող է ձեր գործի հաջողության գրավականը դառնալ:

Օգտվելով առիթից կցանկանայի շնորհավորել «NEWS.am» լրատվականի բոլոր ընթերցողներին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով ամենալավն ու բարին:

Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

(Համատեղության կարգով Հայաստանի Հանրապետության դեսպան Սինգապուրի Հանրապետությունում եւ Մոնղոլիայում)

 Ծննդյան թիվը եւ վայրը

1958թ., Հայաստան:

Կրթությունը

1981թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը:

1995թ. ավարտել է Ջ.Մարշալի անվան անվտանգության հարցերի հետազոտությունների Եվրոպական կենտրոնի ռազմավարական հետազոտությունների եւ պաշտպանական տնտեսության քոլեջը (Գերմանիա):

1997թ. ավարտել է Սենթ Ջոն համալսարանական քոլեջի դասընթացը (Րիփոն-Յորք, ՄԲ):

2002թ. մասնակցել է Հարվարդի համալսարանի Ջ.Ֆ. Քենեդու անվան կառավարման դպրոցի Սեւծովյան անվտանգության ծրագրին (ԱՄՆ):

Աշխատանքային գործունեությունը

1981-1982թթ. աշխատել է ԵՊՀ ռեկտորատում որպես ուսումնական մասի ավագ տեսուչ:

1982-1991թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:

1991-1994թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

1994-1999թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների ստորաբաժանումներում, հաջորդաբար զբաղեցնելով բաժնի պետի տեղակալի, բաժնի պետի, վարչության պետի տեղակալի, ապա արտաքին հարաբերությունների եւ ռազմական համագործակցության վարչության պետի պաշտոնները:

1999թ. անցել է ռազմադիվանագիտական աշխատանքի:

1999-2002թթ. եղել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդը:

2002-2008թթ. աշխատել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ, ռազմական, ռազմածովային եւ ռազմաօդային կցորդ:

2008թ. սեպտեմբերի 12-ին նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան:

2009թ. սեպտեմբերից մինչեւ 2013թ. հուլիսը, համատեղության կարգով, եղել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Պեկին):

2009թ. սեպտեմբերից մինչեւ 2014թ. հունվարը, համատեղության կարգով, եղել է Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Պեկին):

2010թ. ապրիլին, համատեղության կարգով, նշանակվել է Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Պեկին):

2013թ. դեկտեմբերին, համատեղության կարգով, նշանակվել է Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Պեկին):

Այլ տեղեկություններ

ՈՒնի արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան

Պարգեւատրվել է ԽՍՀՄ եւ ՀՀ ՊՆ մի շարք մեդալներով, ինչպես նաեւ ՉԺՀ ՊՆ մեդալով:

Ամուսնացած է, ունի մեկ որդի եւ երկու դուստր:

 

Զրույց դեսպանի հետ. Գրիգոր Հովհաննիսյան

Զրույց դեսպանի հետ. Ձյունիկ Աղաջանյան 

Զրույցդեսպանիհետ. ՏիգրանԳեւորգյան

Զրույցդեսպանիհետ. ՀրանտՊողոսյան

Զրույցդեսպանիհետ. ԱրաՍահակյան

Զրույցդեսպանիհետ. ԳագիկՂալաչյան

Զրույցդեսպանիհետ. ՆիկոլայՍարկիսով

Զրույցդեսպանիհետ. Արա Այվազյան

Զրույց դեսպանի հետ. Աշոտ Քոչարյան

Զրույց դեսպանի հետ. Էդգար Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Սարգիս Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Աննա Աղաջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Վլադիմիր Բադալյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Մելքոնյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արարատ Գոմցյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արսեն Սհոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Աշոտ Գալոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Թաթուլ Մարգարյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արման Կիրակոսյան

Հարցազրույց դեսպանի հետ. Գեղամ Ղարիբջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Խաչատրյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արամ Գրիգորյան

Զրույց դեսպանի հետ. Ավետ Ադոնց

Զրույց դեսպանի հետ. Սերգեյ Սարգիսով

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ