News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի հետ հարցազրույցում Ռումինիայում եւ Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը պատմում է հայ-ռումինական հարաբերությունների, ՀՀ դեսպանության աշխատանքային առօրյայի ու հայ համայնքի մասին:

Պարոն դեսպան, կխնդրեինք Ձեզ ներկայացնել հայ-ռումինական հարաբերությունների ներկա փուլը: Որո՞նք են Ձեր գործունեության հիմնական շեշտադրումները:

Պատմական փորձի առումով հայ-ռումինական առնչությունները եզակիներից են եվրոպական տարածքում. մեր ժողովուրդների համատեղ գոյակցությունն սկիզբ է առնում միջնադարից:

Միջպետական հարաբերությունների հաստատման քայլեր արվել են նախորդ դարի 20-ական թվականներին, սակայն Հայաստանի առաջին հանրապետության անկումը կանգնեցրեց այդ ընթացքը: Ռումինիան կրկին ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991թ. դեկտեմբերի 11-ին, ի դեպ առաջիններից մեկը: Այս քառորդ դարի ընթացքում ձեւավորվել է բավականին հագեցած իրավապայմանագրային դաշտ, կուտակվել է հարաբերությունների զգալի փորձ երկկողմ եւ միջազգային հարթակներում: Այսօրվա օրակարգն ընդգրկում է գրեթե բոլոր ոլորտները: Մասնավորապես կառանձնացնեի ԵՄ Արեւելյան գործընկերության, ՍԾՏՀԿ, ինչպես նաեւ` Հարավ-կովկասյան շրջանն ընդգրկող եվրոպական եւ միջազգային այլ ծրագրեր: Երկկողմ առումով բավականին դինամիկ են զարգանում գիտակրթական եւ մշակութային, վերջին շրջանում նաեւ ապակենտրոնացված մակարդակով կապերը: Բավական է ասել, որ 2012թ.-ից ի վեր եղբայրական կապեր են հաստատվել յուրաքանչյուր կողմից 10-ական քաղաքների եւ մեկ մարզի միջեւ, ընթացքի մեջ են նորերը: Դեսպանության գործունեությունը, ՀՀ ԱԳՆ-ի եւ մյուս գերատեսչությունների հետ համակարգմամբ, ուղղված են այս ոլորտներում ընթացիկ պայմանավորվածությունների եւ ծրագրերի իրագործմանը: 

Ռումինիայում կա հարյուրամյակների պատմություն ունեցող հայ համայնք, որի թվաքանակը այսօր մի քանի հազար է հասնում: Արդյոք համայնքի առջեւ ծառացա՞ծ է հայապահպանության խնդիրը, ի՞նչ հիմնական ուղղություններով է աշխատում դեսպանատունը համայնքի հետ:

Իսկապես, Ռումինական տարածքներում հայերի ներկայությունը վկայվում է 10-11-րդ դարերից: Մինչեւ այսօր գործող Բոտոշանի հայկական եկեղեցին կառուցվել է 1350թ.-ին, Յաշի եկեղեցին` 1395թ.-ին: Հայոց եպիսկոպոսական աթոռը Սուչավայում Ալեքսանդր Բարի մեծ իշխանի կողմից հաստատվել է 1401թ.-ին: Հայերը հիմնել են քաղաքներ, մասնակցել այս երկրի կառուցմանը եւ զարգացմանը, պայքարել նրա ազատության համար: Ռումինական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում հայերը տվել են փայլուն դեմքեր, որոնք այսօր համատեղ հպարտության առարկա են: Սակայն պատմական ընթացքի բերումով հայերը դանդաղ լուծվել են տեղական հասարակության մեջ, մի զգալի մասն էլ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գաղթել է երկրից: Դրանով հանդերձ համայնքի կորիզը մնացել է ամուր եւ կենսունակ, եւ այսօր թեեւ քանակով նվազ, տերն է  այդ փառավոր պատմության եւ վիթխարի ժառանգության:

Ռումինիայում 1989թ.-ին հեղափոխությունից հետո հայերը, ճանաչված մյուս 19 փոքրամասնությունների նման, վայելում են պետական հովանավորություն:  Հայերը միավորված են Ռումինիայի Հայոց միության մեջ, որը լիիրավ ձայնով իր ներկայացուցիչն ունի Ռումինիայի խորհրդարանում: Ի դեպ, ավանդաբար հայ պատգամավորն է ղեկավարում Ռումինիայի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների խումբը, որը նրան հավելյալ կշիռ է տալիս քաղաքական կյանքում: Ռումինիայի Հայոց միությունը, որ 15 մասնաճյուղ ունի երկրում, ֆինանսավորվում է պետության կողմից, այսինքն որպես հիմնարկ նրա հաստիքները վճարովի են, որոնց մեջ են մտնում կենտրոնական վարչական մարմինը, մշակույթի տունը, թանգարանը, գրադարանը, խմբագրությունը, տպարանը, մեկօրյա դպրոցը, միության կողմից ներկայացրած կրթական եւ մշակութային ծրագրերը: Կառավարությունը աշխատավարձ է վճարում նաեւ հայ հոգեւորականներին, հոգում ողջ երկրով մեկ սփռված հայկական վանքերի եւ եկեղեցիների նորոգման եւ պահպանության ծախսերը: Բացի դրանից, անցյալ տարի Կլուժի համալսարանում հիմնվել է Հայագիտության ինստիտուտ, Բուխարեստի համալսարանում դասավանդվում է հայերեն, Ռումինիայի կրթության նախարարության եւ Բուխարեստի համալսարանի գրիֆով հրատարակվել են արեւմտահայերենի եւ արեւելահայերենի դասագրքեր: Այս ամենի շնորհիվ, կարելի է ասել, որ հայապահպանությունը Ռումինիայում դրված է ինստիտուցիոնալ հիմքի վրա:

Սրան զուգահեռ ռումինահայ Արարատ եւ Զամկա հրատարակչությունները, ինչպես նաեւ ռումինական այլ հրատարակչություններ տարեկան տասնյակ գրքեր եւ ուսումնասիրություններ են հրատարակում հայերի եւ հայոց պատմամշակութային ժառանգության վերաբերյալ, ռումինական հեռուստառադիոն եւ մամուլը, թատրոնները եւ համերգասրահները հաճախակի են անդրադառնում հայկական թեմաներին:

Հայաստանի կառավարությունն անմասն չի մնում Ռումինիայում հայապահպանության քաղաքականությունից: ՀՀ ԱԳՆ, Սփյուռքի, մշակույթի եւ կրթության, ինչպես նաեւ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները ակտիվորեն ներգրավված են զանազան ծրագրերի մեջ, եւ այս հարցերում դեսպանությունը վայելում է նրանց լիակատար աջակցությունը:

Դեսպանությունը լիակատար փոխհասկացողության պայմաններում սերտորեն համագործակցում է Ռումինիայի Հայոց միության եւ Թեմի հետ: Մեզ համար բարեբախտություն է, որ համայնքը ղեկավարում են ռումինական հանրային կյանքի մեջ այնպիսի հայտնի եւ ազդեցիկ գործիչներ, ինչպիսիք են սենատոր Վարուժան Ոսկանյանը եւ պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը: Ռումինիայի եւ Հայաստանի տասնյակ քաղաքների եւ մարզերի միջեւ եղբայրական կապեր ստեղծելու միջոցով դեսպանությունն անմիջական շփումների մեջ է նաեւ տեղական իշխանությունների եւ ՌՀՄ մասնաճյուղերի հետ, որով խրախուսվում է տեղական հայկական կյանքը, խնամք տարվում տեղերում հայկական ժառանգության հանդեպ:

Այս ամենով հանդերձ, ինչպես ողջ աշխարհում, եւ ոչ միայն հայերի դեպքում, համայնքների առջեւ ծառացած է դանդաղ ուծացման խնդիրը: Սա ընդհանրական երեւույթ է, եւ այդ վտանգի դեմ դժվար է միասնական ու բուժարար դեղամիջոց գտնել: Մենք կողմնակից ենք գործնական եւ հետեւողական քայլերի: Ուստի, դեսպանությունը, հայապահպանական ընթացիկ ծրագրերին զուգահեռ, աշխատանքներ է տանում հայապահպանության ամուր եւ մնայուն հիմքեր ստեղծելու ուղղությամբ: Այդ նպատակով վերջին տարիներին դեսպանության ջանքերով համագործակցության համաձայնագրեր են ստորագրվել ՀՀ ԳԱԱ եւ Ռումինական Ակադեմիայի միջեւ, ԵՊՀ-ի եւ Բուխարեստի ու Կլուժի համալսարանների միջեւ, որոնց հիմնական ուղղվածությունը հայագիտությունն է: Ռումինիայում առկա են հայագիտության ավանդույթները` ի դեմս Նիկոլաե Յորգայի, Հակոբ Սիրունու, Վլադ Բընըցեանուի եւ այլոց, սակայն այսօր երիտասարդ սերնդի հայագետների պատրաստումը օրակարգի հարց է, որը հնարավոր է անել միայն համատեղ ջանքերով եւ հետեւողական քայլերով:

Միանգամայն դրվատելի են հայապահպանության ուղղությամբ Ռումինիայի Հայոց միության եւ Թեմի ջանքերը: Գիտակից հայապահպանության առումով արդի մարտահրավերներին` Միությունը եւ եկեղեցին իրենց ուշադրությունը եւ ծրագրերը կենտրոնացնում են երիտասարդության վրա` պատրաստվելով էստաֆետը փոխանցել նրանց: 

Պարոն դեսպան, կխնդրեինք Ձեզ ներկայացնել հայ-ռումինական տնտեսական համագործակցության ձեռբերումները: Ի՞նչ քայլեր են տարվում հայ-ռումինական գործարար կապերը խթանելու համար:

Երկու երկրների միջեւ առեւտրաարդյունաբերական փոխանակումների ծավալը մեծ չէ եւ հեռու է առկա հնարավորություններից: Այդ մասին խոսվում է քաղաքական երկխոսության ժամանակ, միջկառավարականի նիստերին, սակայն որոշողները մնում են հիմնականում հայ եւ ռումին գործարար միջավայրը: Ըստ Ռումինիայի էկոնոմիկայի նախարարության` 2014թ.-ին հայ-ռումինական առեւտրային շրջանառությունը կազմել է 7 մլն. 770 500 ԱՄՆ դոլար: Ըստ ապրանքի ծագման երկրի չափանիշի` ՀՀ ԱՎԾ-ի տվյալներով, այն կազմել  է 39,5 մլն դոլար: Այս պահին ամենամեծ խոչընդոտը ուղիղ ճանապարհների բացակայությունն է, որը թանկացնում է ապրանքների գները: Այնուամենայնիվ, մեր կարծիքով, տնտեսության որոշ ճյուղեր` մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի եւ առողջապահության, որոշակի հնարավորություններ ունեն: Համենայն դեպս, երկու կողմից պետական մակարդակով առկա է պատրաստակամություն: Այս պահի դրությամբ ռումինական կողմին մեր տարածաշրջանում հետաքրքրում են Կասպիականի վառելիքների պաշարները եւ Վրաստանի տրանզիտային դիրքը: Համաշխարհային եւ տարածաշրջանային զարգացումները կարող են նոր դռներ բացել:

Այս հարցերը քննարկելու եւ առեւտրատնտեսական կապերը խթանելու նպատակով վերջին տարիներին, դեսպանության ակտիվ ներգրավմամբ, անցկացվել են միջկառավարական հանձնաժողովի 3-րդ եւ 4-րդ նիստերը, իսկ հաջորդ տարի Բուխարեստում ծրագրվում է 5-րդ նիստի անցկացումը: Դեսպանությունը սերտ համագործակցության մեջ է Բուխարեստում գործող Ռումինիա-Հայաստան առեւտրաարդյունաբերական պալատի, ինչպես նաեի Միքայել Նորատունկյան հիմնադրամի հետ: Դեսպանության անմիջական աջակցությամբ Հայաստանում հիմնվել է Հայ-ռումինական առեւտրաարդյունաբերական ասոցիացիա, որը կարող է օգտակար լինել ապակենտրոնացված մակարդակով կապերի շրջանակներում զանազան տնտեսական փոքր ծրագրերի խթանման առումով:

Այս տարի լրացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, կխնդրեինք համառոտ ներկայացնել այն միջոցառումները, որոնք անցկացվել են դեսպանատան հովանավորությամբ եւ աջակցությամբ:

Նախ, կուզենայի նշել, որ այս տարի Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը Ապրիլի 24-ին, «հայերի պատմական ողբերգության 100-ամյակի» հիշատակման կապակացությամբ ուղերձ է հղել, որտեղ ասվում է թե «Հայ ժողովրդի ողբերգության ճանաչումը կարեւոր եւ անհրաժեշտ ազդակ է ատելությունը, անհանդուրժողականությունը, ռասիզմը եւ այլատյացությունը արմատախիլ անելու համար»: Սա նախագահի մակարդակով առաջին հրապարակային հայտարարությունն է Ռումինիայում: Նույն օրը, Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով հանդես եկավ նաեւ Ռումինիայի պատգամավորների պալատի մարդու իրավունքների, պաշտամունքի եւ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովը, որով, հղում անելով Հռոմի պապի ուղերձին եւ Եվրոպական Խորհրդարանի ապրիլի 15-ի որոշմանը, առաջարկվում է «հրեաների եւ գնչուների հոլոքոստի շարքում Ռումինիայում նշելու նաեւ հայերի դեմ ցեղասպանությունը, ներառյալ օրենսդրական նախաձեռնության ձեւով Ապրիլի 24-ը Մարդկության դեմ ցեղասպանության հիշողության օր հայտարարելու միջոցով»: Սա նույնպես խորհրդարանական մակարդակով աննախադեպ էր, որովհետեւ մինչ այդ Ռումինիայի խորհրդարանում անհատական ձեւով Ապրիլի 24-ին հայտարարություններ էին անում սենատոր Վարուժան Ոսկանյանը եւ պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը:

Ռումինիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումները համակարգվում էին ՀՀ դեսպանության եւ Հայոց միության կողմից, իհարկե համագործակցելով նաեւ Թեմի հետ: Միջոցառումների թիրախը ռումինական լսարանն էր: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտական եւ մշակութային խոշոր միջոցառումներ կազմակերպվեցին Կոնստանցայի, Կլուժի, Թըրգու Մուրեշի համալսարաններում, Բուխարեստում, Յաշում, Սուչավայում, Բոտոշանում, Գեռլայում, Գեորգենում, Դումբրավենում, Ռոմանում, Պիտեշտում, Բակաուում եւ այլ վայրերում:

ՀՀ դեսպանության եւ Հայոց միության համակարգմամբ, գլխավոր միջոցառումներից էին ապրիլի 23-ին Բուխարեստի Ռադիոյի տան համերգասրահում Կոմիտասին նվիրված հայ-ռումինական հիշատակի համերգը` ռումին ժողովրդական երգի վարպետ Գրիգորե Լեշեի եւ կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի մասնակցությամբ, Ապրիլի 24-ին Կառավարական շենքին հարող Վիկտորիա հրապարակում բազմամարդ հանրահավաքը, նույն օրը Ռումինիայի Շինականի ազգային թանգարանում «Հայոց հետքերով. Արարատից Հայկական փողոց», իսկ մայիսի 16-ին Ռումինիայի քարտեզների եւ հնատիպ գրքերի թանգարանում «Հայաստանի պատմությունը քարտեզներով» ցուցահանդեսները, հոկտեմբերի 15-ին Ռումինական Ակադեմիայում նշանավոր հայագետ եւ արեւալագետ, Ռումինական Ակադեմիայի հետմահու անդամ Հակոբ Սիրունու 125-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը, Բուխարեստի, Դումբրավենի եւ Գեորգենի ամենամյա հայկական մշակութային փառատոները:  

Մեր աջակցությամբ Երեւանյան Գլոբալ ֆորումին մասնակցեցին Ռումինիայի նախկին ԱԳ նախարար Ադրիան Չորոյանուն, Վիեննայում Ռումինական մշակույթի ինստիտուտի նախկին տնօրեն Կարմեն Բենդովսկին եւ Կլուժի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Լուչիան Նաստասե-Կովաչը: Արարատի ստորոտին մեդիաֆորումին Ռումինիայից մասնակցեցին ռումին լրագրողների խումբ, որոնք հետագայում իրենց նյութերում ռեպորտաժների եւ ուղիղ հաղորդումների տեսքով լայնորեն անդրադարձան թեմային: Ռումինիայի հանրային TVR հեռուստաընկերությունը ապրիլի 23-24-ին պրայմթայմ թողարկեց Հայոց ցեղասպանությանը նվիրված 2 հեռուստաբանավեճ, որոնց հյուրերն էին սենատոր Վարուժան Ոսկանյանը, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը, պատմաբաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ եւ հայ երիտասարդներ: Թողարկումներում ներկայացվեցին նաեւ ՀՀ դեսպանի հետ հարցազրույցը:

Ապրիլի 22-24-ին Հայոց ցեղասպանության թեմային անդրադարձել են ռումինական մի շարք հեռուստաալիքներ, տպագիր եւ էլեկտրոնային պարբերականներ ու հանդեսներ:

Այսօր շատերը խոսում են «թվային դիվանագիտության» մասին, այն մասին, որ ավանդական դիվանագիտությունը զիջում է իր դիրքերը: Դուք երկար տարիներ զբաղվել եք լրագրությամբ, եղել ԱԳՆ մամլո խոսնակ: «Թվային դիվանագիտության» դարաշրջանում որքանո՞վ է օգտակար Ձեր մասնագիտական փորձը:

Թվայինը մուտք է գործել ամենուր, եւ ոչ միայն դիվանագիտություն, ու անում է հիմնային փոփոխություններ: Փոխվում են ոչ միայն հաղորդակցության գործիքները, այլեւ աշխատանքի բնույթն ու առաջնայնությունները: Որպես լրագրող ես կարող եմ խոսել տեքստի հետ աշխատելու փորձի մասին, որը միշտ էլ պահանջված է եղել: Դիվանագետի օրը երեկ էլ, այսօր էլ սկսվում եւ ավարտվում է տեքստի հետ: Անշուշտ, այդ առումով լրագրական փորձը կարող է օգտակար լինել, սակայն ոչ բավարար: Երկու տեքստերը բնույթով տարբերվում են: Ես իմ դիվանագիտական գրառումների մեջ անընդհատ փորձում եմ ձերբազատվել լրագրողից, որը ոչ միշտ է հաջողվում:

2011թ.-ին ՀՀ եւ Ռումինիայի կառավարությունների միջեւ կրթական համագործակցության վերաբերյալ կնքված համաձայնագրերի շրջանակներում այսօր մեծ թվով հայ ուսանողներ իրենց բարձրագույն ուսումը ստանում են Ռումինիայում: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ` կապերը խորացնելու նպատակով եւ հայաստանյան բուհերը ռումինացի ուսանողների համար գրավիչ դարձնելու համար:

Այդ համաձայնագրով սահմանված քվոտա կա` տարեկան ութ ուսանող, որոնք զանազան մասնագիտություններով իրենց ուսումը շարունակում են Ռումինիայում: Ելնելով Ռումինիայում հայկական մշակութային վիթխարի ժառանգությունից` ցանկալի կլիներ, որ դրանց մեջ գոնե 1-2 տեղ հատկացվեր պատմաբանասիրական ճյուղին: Այս մասին մենք բազմաթիվ անգամ խոսել ենք Հայաստանում` բացատրելով, որ այն երիտասարդների համար գրավիչ կարող է լինել գիտական կարիերայի տեսակետից, իսկ հայագիտության համար` խիստ անհրաժեշտ: Ռումինական կողմից առայժմ դիմում չկա Հայաստանի բուհերում սովորելու համար: Կարծում եմ, այս պահի դրությամբ նույն բնագավառը կարող է հետաքրքիր լինել ռումին ուսանողների համար, ուստի մենք ուշադրություն ենք դարձնում Բուխարեստում հայոց լեզվի դասավանդմանը: Սկզբունքային համաձայնություն կա նաեւ հայերենի դասընթացներ բացել Կլուժի համալսարանում: Գիտեք, Կլուժը Տրանսիլվանիայի ավանդական կենտրոնն է, որտեղ շատ են հայկական հետքերը: Պատահական չէ, որ հենց Կլուժում հիմնվեց Հայագիտության ինստիտուտը, որի երիտասարդ գիտաշխատողներին մենք խրախուսում ենք ստաժավորվել Հայաստանում: Ի դեպ, Կլուժից 30 կմ վրա գտնվում է Գեռլան, նախկին Արմենոպոլիսը, որը ժամանակին հիմնվել եւ կառավարվում էր հայերի կողմից եւ որտեղ մինչեւ օրս մեծ է հետաքրքրությունը ամեն հայկականի նկատմամբ: Այս պահին գեռլացի մի հայ երիտասարդ` Լասլո Բորբեյ-Դայբուկատը իր թեզի վրա է աշխատում Երեւանի Մատենադարանում:    

Դուք նաեւ համատեղության կարգով Չեռնոգորիայում ՀՀ դեսպանն եք: Կխնդրեինք ներկայացնել ի՞նչ աշխատանքներ են տարվում այսուղղությամբ:

Չեռնոգորիայի հետ մեր հարաբերությունները նոր-նոր են սկսվում: 2006թ.-ի նոյեմբերին դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո ԱԳ նախարարների մակարդակով կայացել են առաջին շփումները: 2013թ.-ին Չեռնոգորիան համատեղության կարգով դեսպան նշանակեց Հայաստանում, ես իմ հավատարմագրերը հանձնեցի անցյալ տարեվերջին: Այս պահի դրությամբ նախատեսվում է ԱԳ նախարարի պաշտոնական այց Պոդգորիցա, առաջին միջպետական փաստաթղթերի ստորագրում:

Ս.թ.-ի ապրիլի 26-ին, Չեռնոգորիայի հայ համայնքի նախաձեռնությամբ եւ մեր դեսպանության աջակցությամբ, Չեռնոգորիայի Պրեվլակա կղզու Սբ. Միքայել հրեշտակապետ պատմական վանքում Չեռնոգորիայի եւ Պրիմորիայի մետրոպոլիտ Ամֆիլոխի ձեռամբ մատուցվեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի պատարագ եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի լուսանկարային թեմատիկ ցուցադրություն, որին ներկա էինք Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ Եպս. Հակոբյանի հետ:

Չեռնոգորիայի փոքրաթիվ հայ համայնքը ձեւավորվել է վերջին տարիներին` հայրենասեր մի քանի անձանց շնորհիվ: Ջանասեր այդ խմբին հաջողվել է մի քանի տարվա ընթացքում տեղացիների մոտ վաստակել ճանաչում եւ ապրիլքսանչորսյան հիշատակի արարողությունների շարքում կազմակերպել նաեւ տնտեսական եւ մշակութային բնույթի միջոցառումներ:

ՀՀ դեսպանության գործուն աջակցությամբ այս տարի չեռնոգորցի մի երիտասարդի հնարավորություն տրվեց ուսանել Էջմիածնի հոգեւոր ճեմարանում՝ հետագայում Չեռնոգորիայի հայ համայնքին հոգեւոր ծառայություն մատուցելու նպատակով:  

Չեռնոգորյան ափերը հետաքրքրում են հայաստանցիներին, ամռան ամիսներին Երեւան-Տիվատ չարտերային չվերթեր են կազմակերպվում, հուսով ենք, որ տուրիզմի բնագավառում հնարավոր է ծավալել ակտիվ համագործակցություն: 

Հեռանկարային է նաեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցությունը, Երեւանն ու մայրաքաղաք Պոդգորիցան (նախկին Տիտոգրադը) գործընկեր քաղաքներ են դեռեւս 1974թ.-ից:

Այս հարցն ուղղում ենք խորագրի շրջանակներում մեր բոլոր զրուցակիցներին: Ինչ խորհուրդ կտաք դիվանագետի մասնագիտություն նընտրել պատրաստվողներին:

Առաջին հերթին խորապես իմանալ սեփական ժողովրդի պատմությունը եւ մշակույթը, այնուհետեւ աշխատել կատարելագործել սեփական անձը` կուտակելով ամենատարբեր գիտելիքներ, կատարելագործելով օտար լեզուների իմացությունը: Մասնագիտական հմտություններից ու ունակություններից զատ, սրանք միշտ էլ պետք կգան:

Համլետ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Ծնվել է 1950թ. մայիսին 20-ին Իջեւանի շրջանի Աչաջուր գյուղում: Բարձրագույն կրթություն է ստացել Երեւանի Պետական համալսարանում` 1974թ. ավարտելով բանասիրական ֆակուլտետի ռոմանո-գերմանական բաժինը: Խորհրդային տարիներին աշխատել է տպարաններում եւ հրատարակչական տներում որպես սրբագրիչ եւ հրատարակչական խմբագիր: 1988թ. ընդգրկվել է ժողովրդական շարժման մեջ, աշխատակցել անկախ հրատարակություններին եւ թերթերին (Հայ Դատ, Հայ Աշխարհ): 1989-90թթ. մասնակցել է Ազգ թերթի հիմնադրմանը, դարձել նրա առանցքային աշխատակիցներից մեկը` մինչեւ 1995թ. ապրիլը վարելով օրաթերթի խմբագրի պաշտոնը: Այդ ընթացքում մասնագիտական գործուղումների եւ ստաժների է մեկնել ԱՄՆ (1991թ.) եւ Ֆրանսիա (1993թ.եւ 1995թ.), որպես լրագրող բազմիցս լուսաբանել հայկական պատվիրակությունների արտասահմանյան այցելությունները: 1995թ. աշխատանքի է անցել ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում: 1995-96թթ. կարճատեւ գործուղման է մեկնել Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն, 1996-97թթ. առաջին քարտուղար աշխատել ԱԳՆ Եվրոպայի վարչությունում: 1997-98թթ. նշանակվել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության գլխավոր տնօրեն: 1999-2002թթ. գործուղվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն որպես խորհրդական: 2002-03թթ. աշխատել է ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչությունում որպես խորհրդական, այնուհետեւ նշանակվել ԱԳՆ մամուլի խոսնակ, Մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ: 2005թ. նրան շնորհվել է արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան: 2006-2010թթ. Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում զբաղեցրել է դեսպանորդի եւ գործերի ժամանակավոր հավատարմատարի (2008-2009թթ.) պաշտոնները:

2010թ. մարտի վերջին Համլետ Գասպարյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, իսկ 2014թ. հունիսին` համաժամանակյա կարգով արտակարգ եւ լիազոր դեսպան նաեւ Չեռնոգորիայում:

Հ. Գասպարյանը հեղինակել է բազմաթիվ հոդվածներ հայկական եւ սփյուռքահայ մամուլում, կատարել թարգմանություններ, կազմել եւ խմբագրել մի շարք գրքեր:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 

Զրույց դեսպանի հետ. Արմեն Սարգսյան

Զրույց դեսպանի հետ. Գրիգոր Հովհաննիսյան

Զրույց դեսպանի հետ. Ձյունիկ Աղաջանյան 

Զրույցդեսպանիհետ. ՏիգրանԳեւորգյան

Զրույցդեսպանիհետ. ՀրանտՊողոսյան

Զրույցդեսպանիհետ. ԱրաՍահակյան

Զրույցդեսպանիհետ. ԳագիկՂալաչյան

Զրույցդեսպանիհետ. ՆիկոլայՍարկիսով

Զրույցդեսպանիհետ. Արա Այվազյան

Զրույց դեսպանի հետ. Աշոտ Քոչարյան

Զրույց դեսպանի հետ. Էդգար Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Սարգիս Ղազարյան

Զրույց դեսպանի հետ. Աննա Աղաջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Վլադիմիր Բադալյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Մելքոնյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արարատ Գոմցյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արսեն Սհոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Աշոտ Գալոյան

Հարցազրույց դեսպանի հետ. Թաթուլ Մարգարյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արման Կիրակոսյան

Հարցազրույց դեսպանի հետ. Գեղամ Ղարիբջանյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արմեն Խաչատրյան

Հարցազրույց դեսպանի հետ. Արամ Գրիգորյան

Զրույց դեսպանի հետ. Ավետ Ադոնց

Զրույց դեսպանի հետ. Սերգեյ Սարգիսով

 

Տպել
Ամենաշատ