Վալերի Պերմյակովն իր ցուցմունքում չի հերքել, որ սատանայի հետ պայմանագիր կնքելու մասին գրառումն ինքն է կատարել «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավետիսյանների սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը:

«Քրեական նյութերում առկա է արձանագրություն, որում նշված է Պերմյակովի «Օդնոկլասսնիկի» սոցցանցի էջի ուսումնասիրությամբ հայտնաբերվել են գրառումներ: Այդտեղ կա սատանայի հետ պայմանագիր կնքելու մասին պայմանագիր, որտեղ Պերմյակովը, այդ պայմանագիրը գրելով, նշել է նաեւ, որ ինքը մի քանի կին ու մի քանի տղամարդ կզոհաբերի, ինչպես նաեւ նշել է, որ հրաժարվում է Սուրբ Երրորդությունից եւ այլն: Այն, որ գրառման հեղինակն ինքն է եղել, չի էլ հերքում, հաստատում է, պարզապես նշում է, որ ինքն ուղղակի, հենց այնպես է այդ գրառումը կատարել»,- ասաց Լուսինե Սահակյանը այդպես է այդ գրառումը կատարել:

Փաստաբանի խոսքով՝ իրենք նախաքննության ընթացքում միջնորդել էին, որ քննիչը հարցաքննի հատուկ խմբի անդամներին, որոնցից մեկն էլ հենց Պերմյակովն է եղել եւ իր ցուցմունքներում այլ անդամների տվյալներ է հայտնել:

«Մեզ համար ակնհայտ է նրա սատանիստ լինելը, քանի որ համապատասխան գրառմամբ է նա այդ մասին հաստատում: Ընդհանուր մեղադրանքի առումով մեծ տարբերություն չկա, քանի որ մեղադրական եզրակացության հետ մենք լիովին համամիտ ենք: Սակայն շատ հարցերի պատասխան այս հանգամանքով պարզ դարձավ: Շատ կարեւոր է, որ բաց հարցեր չմնան, այս պայմաններում ըստ էության մեր հարցերի պատասխանը մենք ստացանք»,- նշեց Լուսինե Սահակյանը:

Հետեւաբար, ըստ Լուսինե Սահակյանի, ստացվում է, որ առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձը զորակոչվել է բանակ, իսկ ծառայությունն էլ կրել Հայաստանում, ինչը լուրջ խնդիր է. «Պերմյակովին զենք է տրամադրվել, մինչդեռ քրեական գործի նյութերում առկա է արձանագրություն, որի համաձայն՝ նրան 3 ամիս զենք չպետք է տրամադրվեր»:

Ինչ վերաբերում է գործով առաջին դատական նիստին եւ դատարանի պայմաններին, փաստաբանի պնդմամբ, նման պայմաններում աշխատելն անհնար է եւ դատարանը պետք է պայմաններ ստեղծի ոչ միայն դատավարության կողմերի, այլեւ բոլորի համար:

«Ամենակարեւորն է, որ դատարանը կարողանա ազատ եւ անկաշկանդ գործել, ինչը մենք չենք տեսնում եւ մեզ մտահոգում է: Դատական նիստը ռազմաբազայում անցկացնելը հենց կաշկանդում է դատավորին»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

Հայկական կողմը 2015թ. դեկտեմբերի 18-ից սկսել է դատաքննությունը: Առաջին նիստն անցկացվել է ռուսական ռազմաբազայի տարածքում: