Արցախում մայիսի 13-ին ծանր վիրավորված Հովհաննես Պողոսյանի վիճակը կայունացել է, բժիշկներն անջատել են ապարատները, մնացել է միայն կոկորդի խողովակը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հովհաննեսի մայրը` տիկին Գայանեն:

«Հովհաննեսի մոտ ամեն օր դրական մի բան են գրանցում բժիշկները: Արդեն մի քանի օր` սկսել է ուտել, ձախ կողմը շարժում է, սակայն աջ կողմը շարժել չի կարողանում»,- ասաց տիկին Գայանեն:

Հովհաննեսը դեռեւս խոսել չի կարողանում: Ըստ վիրավոր զինծառայողի մոր` բժիշկները հորդորում են սպասել:

Նշենք, որ 21-ամյա Հովհաննեսը երկրորդ անգամ է վիրավորվել: Առաջին անգամ թեթեւ վնասվածք է ունեցել եւ հարազատների փոխանցմամբ, առանց սպասելու ամբողջությամբ ապաքինվելուն՝ նորից դիրքեր են բարձրացրել:

Հովհաննես Պողոսյանը ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիրավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային վնասվածքներ։ Վիրավորի մոտ առկա էր ուղեղային կոմա։ Արդեն երկու անգամ նա վիրահատվել է Երեւանում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հովհաննես Պողոսյանը ծանր վիրավորում է ստացել 2016թ. մայիսի 13-ին Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության հենակետերից մեկում: