Ժամը 14:00-ի սահմաններում  Երեւանի Պռոշյան փողոցում ՎԱԶ-21099 մակնիշի 68 ՍՍ 104 համարանիշի մեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել մեքենան, հարվածել է կանգառում կանգնած 4 հետիոտնի, ապա մտել մասնավոր տան բակ (ֆոտոռեպորտաժ):

Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , վթարի հետեւանքով 4 կին քաղաքացիներ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ:

Վթարի վայրում մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել: Դեպքի վայր են ժամանել Երեւան քաղաքի քննչական բաժնի Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները, ովքեր տեղազննման աշխատանքներ են կատարում, Երեւանի  Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է հայտնաբերել Վազ-21099-ի վարորդին, այս պահին նա գտնվում է ՃՈ ծառայողական մեքենայում: Վթարի ենթարկված մեքենայի վարորդը 20-25 տարեկան երիտասարդ է:

Վազ 21-099-ում հայտնաբերվել է ոստիկանության աշխատակցի ծառայողական գլխարկ:

ՃՏՀ քննության բաժնի քննիչը տեղազննություն կատարելուց հետո հանձնարարել է, որ ավտոմեքենան քարշակիրի միջոցով տեղափոխվի ՃՏՀ տուգանային հրապարակ: ՃՏՀ քննության բաժնում ընթանում է նախաքննություն:

Լուսանկարը եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի