Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Իտալիայի Պեզարո քաղաքի Միրալֆիորե զբոսայգում տեղադրվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին նվիրված խաչքար: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել «Ռենկո» ընկերության հետ համագործակցությամբ:
Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Պեզարոյի քաղաքապետ Մաթեո Ռիչչին, «Ռենկո» ընկերության նախագահ Ջովաննի Գասպարին, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գեւորգյանը, Իտալիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն հայտնելով նախաձեռնությունն իրագործելու համար՝ Դավիթ Գեւորգյանը համոզմունք է հայտնել, որ խաչքարի տեղադրումը կնպաստի երկու քաղաքների միջեւ բարեկամական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:
Նշենք, որ խաչքարի հեղինակը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանն է: