News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Էմանուել Մակրոնի կարիերան կառուցվել է ավանդական ֆրանսիական վերնախավի շրջանակներում։ Այդուհանդերձ, նրան ընկալում են որպես թարմ օդի հոսք։ Die Zeit-ի կայքում իր հոդվածում Աննիկա Ժուարեսը ներկայացնում է այն հինգ պատճառները, որոնց շնորհիվ Մակրոնին հաջողվել է դառնալ նախագահական ընտրությունների ֆավորիտը։

«39-ամյա Մակրոնը կարող է դառնալ Ֆրանսիայի ամենաերիտասարդ նախագահը, մարդ, որին դեռ երեք տարի առաջ ոչ ոք չէր ճանաչում։ նրա տարիքը նրան ապահովում է թարմության աուրայով։ Նրա օգտին է նաեւ այն, որ նա չի պատկանում ավանդական կուսակցություններից ոչ մեկին։ Մոտ մեկ տարի առաջ նա հիմնել է իր սեփական շարժումը՝ նույնիսկ ոչ կուսակցություն, քանի որ Մակրոնը ձգտում է հեռու մնալ քաղաքական չարչրկված հասկացություններից։ Ի վերջո, ֆրանսիացիները արդեն մինչեւ կոկորդները կուշտ են հին կուսակցություններից ու քաղաքական գործիչներից»,- գրում է հեղինակը հաջողության առաջին պատճառի մասին։

Հետո՝ «Մակրոնին հաջողվել է ճիշտ ներկայացնել ինքն իրեն որպես նոր անկախ թեկնածու՝ չնայած նա հին աղվես է քաղաքականության մեջ՝ սկզբում նա եղել է Ռոթշիլդների մոտ բանկիր, հետո՝ լիբերալ տնտեսական հանձնաժողովի անդամ՝ կոնսերվատիվ կուսակցության ներկայացուցիչ նախագահ Սարկոզիի մոտ , հետո ՝ Օլանդի խորհրդականը ու վերջում՝ էկոնոմիկայի նախարար։

Մակրոնն ինքը հավաստիացնում է, որ ինքը ոչ աջերի, ոչ ձախերի ներկայացուցիչը չէ։ Ժուարեսը ճշգրտում է՝ երկու ճամբարներն էլ կարող են նրա ծրագրում իրենց համար ինչ-որ բան գտնել, ու հենց դա է նա հաջողության երկրորդ պատճառը։

Երրորդ պատճառը՝ Մակրոնը հաջողությամբ իրեն ներկայացրել է որպես մարդ, որը «հասկանում է կանանց»։ «Ֆրանսիացիները, մանավանդ ֆրանսուհիները համակրում են Մակրոնին ու նրա կնոջը, որը նրանից 24 տարով մեծ է։ Ֆրանսիայի նախագահների բոլոր ինտրիգներից հետո՝ որպես կանոն երիտասարդ կանայց մասնակցությամբ, նրա ամուսնությունը Բրիջիտի հետ կարելի է ասել ֆեմինիստական տպավորություն է թողնում,- ասվում է հոդվածում,- Մակրոնի կինը, նրա ֆրանսերենի նախկին ուսուցչուհին, նախագահի թեկնածուին դարձնում է ավելի փորձառու ու պատկառելի»։

«Մակրոնի մրցակիցը՝ Մարին Լը Պենը,  իրավացի էր իր դիտարկումներից մեկում,երբ Մակրոնը իր հեռուստաբանավեճերի ժամանակ երկար խոսում էր նախագահի առաջ կանգնած խնդիրների մասին, ոչ ոք չէր կարողանում հասկանալ, թե նա կոնկրետ ինչ նկատի ունի։ «Դուք արդեն 7 րոպե խոսում եք, իսկ ես չեմ կարողանում որսալ ձեր մտքերի ընթացքը»,- ասել է Լը Պենը։ Մակրոնն իրոք վարպետորեն կարողանում է մտքերը շատ քողարկված ձեւով ձեւակերպել։ Նա ասում է «հեղափոխություն», բայց նկատի ունի խորհրդարանականների քանակության կրճատումը՝ պահանջ, որը աշխարհի պես հին է։ Խոսում է «քաղաքականության մեջ նոր մեկնարկի մասին» ՝ նկատի ունենալով իրեն, սակայն իրականում նա արդեն զբաղեցրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը»,- գրում է լրագրողը, կարծելով, որ այդ ունակությունը օգնել է Մակրոնին ու դարձել ընտրություններում նրա հաջողության չորրորդ պատճառը։

«Մակրոնը գովազդի վարպետ է»,- այսպես է հոդվածագիրը ձեւակերպում անկախ թեկնածուի հաջողության հինգերորդ պատճառը։ «Քաղաքագետները, սոցիոլոգները, ընտրական ստրատեգները համամիտ են մի հարցում՝ Մակրոնը փայլուն ձեւով է վաճառում «Մակրոն» կոչվող արտադրանքը։ Նա խաղում է ֆրանսիացիների ակնկալիքների վրա՝ սոցիալական Եվրոպա, երկկուսակցական համակարգի գերիշխանության ավարտ, նոր դեմք, հաշտեցնող արտահայտություններ։ Նրա թիմի անդամները չեն ամաչում նրա «Առաջ» շարժումը կոչել «հաջողակ ստարտափ՝ աճի մեծ պոտենցիալով»։ Նրա ստրատեգներն ու խորհրդականները արդեն ծրագրել են առաջիկա երկու շաբաթները, որոնցից հետո կայանալու է վճռորոշ մենամարտը»,- ամփոփում է լրագրողը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ