News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Կա «կարմիր» Ֆրանսիայի քարտեզ,- գրում է Չեզարի Մարտինետին իտալական La Stampa թերթում,- որը չի ենթարկվում «Բոլորը կողմ են Մակրոնին ՝ Լեը Պենի սեւ ալիքի դեմ» հանրապետական սխեմային»։

«Թվերը կարեւոր են,- շարունակում է հոդվածագիրը,- Ժան Լյուկ Մելանշոնի «Չնվաճած Ֆրանսիան» առաջին տեղն է զբաղեցրել այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Մարսելը, Տուլուզան, Լիլը, Գրենբլը, նաեւ Դորդոն ու Արիեժ դեպարտամենտներում, ստանալով ձայների 20 տոկոսը Փարիզում ու 30 տոկոս ՝ մայրաքաղաքին հարակից դեպարտամենտում՝ Սեն- Սան- Դենիում»։ Հեղինակը փորձում է հասկանալ, թե երկրորդ փուլում ինչպես կքվեարկեն այդ 7 մլն ֆրանսիացիները, որոնք ձայնը Ժան- Լյուկ Մելանշոնին էին տվել։ Այս հարցի պատասխանն այդքան էլ միանշանակ չէ։

Մելանշոնն իր ընտրողներին ուղղություն ցույց չի տվել, թե ինչպես պետք է նրանք քվեարկեն երկրորդ փուլում։ «Չնվաճված» ընտրողի համար «իսկական գաղափարական թշնամին ոչ թե Մարին Լը Պենն է, այլ Էմանուել Մակրոնը՝ եվրոպամետ, մեծ կապիտալի ներկայացուցիչ։ Ամբողջ նախընտրական քարոզչության ընթացքում հենց Մակրոնն է եղել «չնվաճվածների» իրական մրցակիցը, իսկ Լը Պենը իր մրցակիցների բանավեճերից առանձնապես չի տուժել»։

«Բացի դրանից Լը Պենի ծրագիրը, բացառությամբ իմիգրացիոն հարցերին , մեծամասամբ նման էր Մելանշոնի ծրագրին՝ ոչ Եվրոպային, ոչ եվրոյին, ոչ ՆԱՏՕ-ին։ Այնպես որ այդ երկու մրցակիցների ընտրազանգվածները լրացնում էին իրար։ Լը Պենի ընտրազանգվածը ավելի զանգվածային ու գյուղական էր, իսկ Մելանշոնինը՝ ավելի մտավորական ու քաղաքային»։ Ըստ հոդվածագրի, եթե այդ երկու ընտրազանգվածները իրար գումարենք՝ կստանանք «հակա» տրամադրված 40 տոկոս ընտրազանգված։

«Իսկ հիմա, երբ Մելանշոնը դուրս է եկել ընտրապայքարից, հարց է առաջանում , թե դեպի որ ճամբար կգնա նրա ընտրազանգվածը։ Անկասկած նրանց մի մասը երկրորդ փուլում Լը Պենին կընտրի, շատերը ձեռնպահ կմնան,- կանխատեսում է Մարտինետին,- Կլինեն նաեւ Մակրոնի օգտին քվեարկողներ՝ գուցե կեսից ավելին։ Բայց նման հաշվարկներ անելը շատ բարդ է։ Երկրորդ փուլի հարցը կանգնել է նաեւ Ֆրանսուա Ֆիյոնի ընտրազանգվածի առաջ, այնպես որ միանշանակ կանխատեսումներ հնարավոր չէ անել։ Սոցիոլոգների գնահատականով՝ ձայների մեկ երրորդը կանցնի Մակրոնին, մեկ երրորդը՝ ձեռնպահ կմնա, իսկ մեկ երրորդն էլ Լը Պենի օգտին կքվեարկի»։

«Իհարկե ցավալի է, քանի որ ձախերի դաշտը (Մելանշոն ու Խամոն) կարող էր մեծ հակակշիռ դառնալ աջ կուսակցության համար,- ամփոփում է հոդվածագիրը,- Այդ միությունը չկայացավ, ինչն էլ հենց Ֆրանսիայի ձախերին բերեց այն անդունդը, որի մեջ նրանք գլորվեցին ապրիլի 23-ին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ