News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Եթե նրա ամուսինը դառնա Ֆրանսիայի հաջորդ նախագահը՝ Բրիջիտ Մակրոնը կդառնա ամենաարտասովոր «առաջին լեդին» երկրի պատմության մեջ»,- գրում է Bloomberg-ը։ Լրագրող Էլեն Ֆուկեն պարզաբանում է՝ ֆրանսիական նախագահների կանանցից ոչ մեկն այդքան առանցքային դեր չի կատարել իրենց ամուսինների կայացման գործում, որքան Բրիջիտը։ «Նա 24 տարով մեծ է ամուսնուց, նա ակտիվ դեր է կատարում ամուսնու նախընտրական քարոզչության մեջ, խորհուրդներ է տալիս նրա ելույթների ժամանակ, օգնում նրան ձեւավորել նախընտրական ծրագիր»,- ասվում է հոդվածում։

«Էմանուել Մակրոնը չէր կարողանա նման արկածների դիմել, եթե չլիներ կինը,- ասում է Մարկ Ֆերաչին, որը հիմա Մակրոնի նախընտրական շտաբի խորհրդականն է, իսկ 2007-ին եղել է նրանց հարսանիքի ականատեսը,- Բրիջիտի ներկայությունը շատ կարեւոր է նրա համար»։

Նախագահական ընտրությունների առաջին փուլում տարած հաղթանակից հետո 39-ամյա Էմանուելը շնորհակալություն հայտնեց 63-ամյա Բրիջիտին։ Առանց նրա «Ես չէի դառնա այն անձնավորությունը, որը դարձել եմ»,- ասել է նա, մինչ նրա կողմնակիցները վանկարկում էին Բրիջիտի անունը։

Ֆրանսիական միապետների ու նախագահների կանանցից շատերն են մտել պատմության մեջ, նշում է հեղինակը՝ հիշելով Մարիա Անտուանետայի ու Ժոզեֆինայի մասին։ «1914-ին Հենրիետա Կայոն, Ֆրանսիայի վարչապետի կինը, սպանել էր Le Figaro թերթի խմբագրին, քանի որ նա քաղաքական առումով վտանգ էր ներկայացնում իր ամուսնու համար»,- ասվում է հոդվածում»

Պարբերականը հիշեցնում է Բրիջիտի կենսագրությունը՝ նա եղել է ֆրանսիական գրականության ու լատիներենի ուսուցչուհի, ծագումով բուրժուազիական ընտանիքից է, որը հայտնի է շոկոլադի տոհմական արտադրամասով։ Մակրոնի հետ ծանոթացել է 1992-ին, երբ նա ընդամենը 15-ամյա դպրոցական էր ու հաճախում էր Բրիջիտի թատերական խմբակը։ «Աստիճանաբար նրանց շփումը վերածվել է սիրային հարաբերությունների, եւ Բրիջիտը հանուն Մակրոնի բաժանվել է ամուսնուց՝ իր երեք երեխաների հորից»,- գրում է պարբերականը ։

Էմանուելն ու Բրիջիտն արդեն ավելի քան 10 տարի օրինական ամուսնացած են, բայց նրանց արտասովոր միությունը հիմա էլ է զարմանք առաջացնում ու անպայման կգրավի ուշադրություն, եթե նրանք մտնեն Ելիսեյան պալատ, չի կասկածում Ֆուկեն։

Հիմա Մակրոն ամուսինները, գիտակցելով, որ խախտում են բուրժուազիական ու պահպանողական Ֆրանսիայի վարքագծային կոդեքսը, պատրաստվում են կանխել հնարավոր անձնական քննադատությունները։

«Նրանք սովորական զույգ չեն, ու դա միայն ավելի է ամրացնում նրանց հարաբերությունները»,- ասում է Ֆերաչին։

Մակրոն ամուսինները իրենց լուսանկարներն են  հրապարակել նորաձեւ ամսագրերի շապիկներին։

«Մակրոնը երկու անգամ պատասխանել է իր ենթադրյալ նույնասեռականության մասին լուրերին․ հանրահավաքի ժամանակ նա ինքն է բարձրացրել այդ թեման ու կատակել՝ իբրեւ կրկնակի կյանք վարելու համար, իրեն հոլոգրամա պետք կլիներ։ Նա նաեւ չի վախենում խոսել «դպրոցականի մասին, որը ամուսնացել է իր ուսուցչուհու հետ»,- ասվում է հոդվածում։

«Մեր ընտանիքը դասական չէ , դա անվիճելի է,- ասել է նա հանրահավաքի ժամանակ,- Բայց դա չի նշանակում, որ մեր ընտանիքում սերն ավելի քիչ է»։

«Նրանք, ովքեր սերտ համագործակցել են Մակրոնի հետ, ասում են, որ Բրիջիտը այն սակավաթիվ մարդկանցից է, ում նա վստահում է»,- շարունակում է լրագրողը։ Ալեքսիս Քոլերը, որը ղեկավարում էր Մակրոնի գրասենյակը, երբ նա էկանոմիկանի նախարար էր, վկայում է․ «Երբ նա նախարար էր, Բրիջիտը ներկա էր բոլոր խորհրդակցություններում»։

Մակրոնը երդվել է ՝ եթե ինքն ընտրվի նախագահ, իր կինը Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամ կստանա որոշակի պաշտոնական կարգավիճակ։ «Բայց աշխատավարձ չի ստանա»,- շեշտել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ