News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Նախկին Հարավսլավիայի միջազգային տրիբունալը (ՆՀՄՏ) գեներալ Ռատկո Մլադիչին ցմահ ազատազրկման է դատապարտել  Բոսնիայում ռազմական հանցագործություններ կատարելու համար: Նոյեմբերի 22-ին ՆՀՄՏ-ն բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար, գեներալ Ռատկո Մլադիչին մեղավոր է ճանաչել Բոսնիա եւ Հերցեգովինայում Սրեբրենիցայում մուսուլմանների ցեղասպանության մեջ, որի հետեւանքով սպանվել է ավելի քան 7 հազար բոսնիացի մուսուլման:

 Զինվորական ճանապարհը

Ռատկո Մլադիչը ծնվել է 1942 թվականի մարտի 12-ին (այլ տվյալներով՝ 1943-ին) ժամանակակից Բոսնիա եւ Հերցեգովինայի տարածքում գտնվող Բոժինովիչի գյուղում: Էթնիկ սերբ է: Նրա հայրը զոհվել է Հարավսլավիայում ազգային-ազատագրական պայքարին մասնակցելիս:

Ռ. Մլադիչն իր ամբողջ կյանքը նվիրել է բանակում ծառայելուն: 1965 թվականին նա գերազանցությամբ ավարտել է ռազմական ուսումնարանը, իսկ կարճ ժամանակ անց դարձել է հարավսլավական բանակի ամենաերիտասարդ սպաներից մեկը:

Ռ. Մլադիչի կյանքը կտրուկ փոխվել է 1991 թվականին, երբ նա արդեն գեներալ-մայոր լինելով, որպես կորպուսի հրամանատար ուղարկվեց խորվաթ ազգայնականների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու: Նաեւ նրա զինվորների օգնությամբ սերբերին հաջողվեց պաշտպանվել հակառակորդի ջոկատներից եւ ստեղծել  չճանաչված Սերբական Կրայնեի պետությունը, որը հետագայում խորվաթները դաժանաբար ոչնչացրել են (որի համար խորվաթական Գլխավոր շտաբի սպաների մի մասը Հաագայի տրիբումալի կողմից դատապարտվել է):

1992 թվականին Ռ. Մլադիչը ստացել է գեներալ-գնդապետի կոչում եւ նոր պատերազմի մեկնել: Այս անգամ նա Բոսնիա եւ Հերցեգովինայում պետք է սերբ բնակչությանը պաշտպաներ նույն խորվաթների եւ  բոսնիացի մուսուլմանների հարձակումներից:

Գեներալի դաժանությունը սկիզբ է առել նրա դստեր ինքնասպանությունից

2011 թվականի մայիսի 26-ին Ռատկո Մլադիչը ձերբակալվել է Բելգրադից հյուսիս-արեւելք գտնվող Լազորեւո գյուղում:

Երբ սերբական հատուկ ծառայությունները Մլադիչին տեղափոխել են Բելգրադում հատուկ դատարանի մեկուսարան, քննիչը հարցրել է գեներալին՝ ունի՞ նա ինչ-որ խնդրանքներ: Վերջինս, գրեթե առանց մտածելու, պատասխանել է. «Թույլ տվեք այցելեմ աղջկան գերեզմանին»:

Մայիսի 31-ին գեներալի խնդրանքը բավարարվել է: Վաղ առավոտյան նա անվտանգության խիստ հսկողության ներքո այցելել է Բելգրադի գերեզմանոց, դստեր՝ Աննայի գերեզմանին: Աննան ինքնասպան է եղել 1994-ի գարնանը՝ կրակելով քունքին հոր ատրճանակից:

Շատերը Մլադիչի դաժանությունը բոսնիական պատերազմի ժամանակ բացատրում են հենց այդ ողբերգությամբ: Դստեր թաղմումից առաջ Ռատկո Մլադիչը անձամբ է շպարել դստեր դեմքը, իսկ ռազմաճակատ մեկնելիս իր հետ վերցրել էր դստեր մազերի մի փունջ եւ այն ճակատագրական փամփուշտը, որը հանել էին աղջկա գլխից: Դրանից հետո, գեներալն, իբր, ավելի քիչ զգայուն է դարձել այն անձանց նկատմամբ, որոնց դեմ պատերազմում էր:

1995-ին տեղի էին ունեցել Սրեբրենիցայի դեպքերը, որտեղ գեներալի զինվորները ոչնչացրել էին 8 հազար անզեն մուսուլմանների: Մլադիչին ուղղված գլխավոր մեղադրանքը հենց դա էր:

Ինչպես Մլադիչը գոռաց Միլոշեւիչի վրա

Ականատեսների  վկայությամբ, Սրեբրենիցայի գործողությունների նախօրեին Սերբիայի նախագահ Սլոբոդան Միլոշեւիչը մի քանի ժամ ապարդյուն փորձում էր հեռախոսով կապ հաստատել Մլադիչի հետ, իսկ երբ դա վերջապես հաջողվեց, Միլոշեւիչը բառացիորեն սկսել է բղավել եւ սպառնալ, որ  կգնդակահարի Մլադիչին։  Վերջինս կոպտորեն ընդհատել է նախագահին, ասելով՝ «Չհամարձակվես ինձ վրա բղավել։ Ես քո համար քո կին Միրան չեմ, եթե, իհարկե, դու կհամարձակվես նրա վրա ձայնդ բարձրացնել» եւ անջատել է։

Իսկ երբ ինքը Միլոշեւիչը դադարել է նրա համար հեղինակություն լինել, նա իր վրա է վերցրել սերբական հողերը միավորելու եւ Մեծ Սերբիա կառուցելու առաքելությունը։

Հանուն իր նպատակի, նա պատրաստ էր ջնջել իր նախկին ռազմական ամբողջ կենսագրությունը: Նախկինում նա իր անկետաներում ազգությունը գրում էր հարավսլավցի, իսկ Խորվաթիայում եւ Բոսնիայում ռազմական գործողությունների ժամանակ ստիպել է կամավորների գլխարկներից հանել չետնիկյան նշանները եւ ամրացնել կարմիր աստղեր։

Բոսնիական մայրաքաղաքի պաշարումը Մլադիչի բանակի կողմից շարունակվել է ավելի քան 3 տարի։ Այդ պաշարումն անիմաստ էր շատ դեպքերում եւ դաժան։ Տեղակայվելով Սարաեւոյի հարակից բարձունքներում, գեներալ Մլադիչը եւ իր զինվորները ամիսներով քաղաքը պահում  էին հրետանային կրակի  եւ դիպուկահար կրակոցների տակ՝ լավ իմանալով, որ համարժեք պատասխան այնտեղից չեն ստանալու:

Սրեբրենիցայի գրավումը եւ Մլադիչի վերջի սկիզբը

1995 թվականի հուլիսին սերբական ուժերը 5-օրյա հրթիռակոծությունից հետո գրավեցին Սրեբրենիցան, որտեղ գտնվում էին բազմաթիվ մուսուլման փախստականներ: Սրեբրենիցայի գրավման գործողությունը ղեկավարել է Մլադիչը:

1995-ի հուլիսի 24-ին Ռատկո Մլադիչը մեղադրվել է Հաագայի դատարանի կողմից ռազմական հանցագործությունների՝ ցեղասպանության, ցեղասպանությանը մասնակցելու, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, նաեւ Սարաեւոյի պաշարման ժամանակ պատերազմ վարելու ավանդույթները խախտելու մեջ, որի հետեւանքով մահացել էր 10 հազար մարդ, ինչպես նաեւ կապված 1995-ի հուլիսին Սրեբրենիցայում ավելի քան 8 հազար տղամարդկանց ու արական սեռի դեռահասների ոչնչացնելու հետ:

Հաագայի տրիբունալի ճնշման տակ 1996 թվականի նոյեմբերի 8-ին, Սերբիայի Հանրապետության նախագահ Բիլյանա Պլավշիչի հրամանագրով գեներալ Ռատկո Մլադիչը հեռացվել է գլխավոր շտաբի պետի պաշտոնից:

1996 թվականին, այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ն պահանջեց Մլադիչին հանձնել Հաագայի դատարանին, վերջինս անհետացավ Բոսնիայից: Մինչեւ 2000 թվականը նա ապրել է Բելգրադում: Վերջին անգամ գեներալին տեսել էին 2002 թվականին, սերբական Դիվչիբար լեռնային բնակավայրի մոտ:

Նրան ձերբակալելու մի քանի անհաջող փորձ է արվել: 2006 թվականի փետրվարի 21-ին առանձին միջազգային եւ սերբական լրատվամիջոցներ հայտարարեցին, որ Ռատկո Մլադիչը կալանավորվել , սակայն Սերբիայի իշխանությունները հերքեցին այդ տեղեկությունը:

Սերբիայի ռազմական հանցագործությունների հարցերի դատախազ Վլադիմիր Վուկչեւիչի տեղեկություններով,  երկրի իշխանությունները մինչեւ 2007 թվականը բանակցում էին Մլադիչի ընտանիքի հետ՝ նրան Հաագայի դատարան հանձնելու շուրջ:

Սերբիայի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ անում է ամեն հնարավորը՝ Մլադիչին ձերբակալելու ուղղությամբ: 2010 թվականի հոկտեմբերին Սերբիայի իշխանությունները մեծացրեցին Մլադիչի գտնվելու վայրի մասին տեղեկություն հայտնողի պարգեւավճարը՝ հասցնելով 10 մլն եվրոյի:

Գեներալ Մլադիչի գործով դատաքննությունը սկսվել է 2012 թվականի մայիսի 16-ին: Նա 16 տարի թաքնվում էր միջազգային արդարադատությունից եւ Սերբիայի իշխանւթյունների կողմից կալանավորվել է 2011-ին ու հանձնվել նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային տրիբունալին:

Մլադիչի սարսափելի օրագիրը

2010 թվականին գեներալ Մլադիչի որդու տան խուզարկության ժամանակ  հայտնաբերվել են 18 տետրեր, որոնց 3500 էջերում արդարադատությունից թաքնված Մլադիչի գրառումներն էին․

«Մենք ոչինչ չենք շահի, եթե սպանենք 50 հազար մուսուլմանների։ Մեր իրական առաջնահերթությունը մուսուլմանական բնակչությունից ազատվելն է՝ նրանց փոխարինելով սերբերով եւ խորվաթներով։ Մուսուլմանները մեր եւ խորվաթների  ընդհանուր թշնամին են, մենք նրանց պետք է քշենք անկյուն, որտեղից նրանք չեն կարող դուրս գալ»։

«Բալկանները վերածվել է ռազմաճակատի այն ուժերի միջեւ, որոնք ցանկանում են տարածքը գերմանականացնել, եւ նրանց, ովքեր ցանկանում են այն իսլամականացնել»։

«Ես երջանիկ մարդ եմ։ Կարծում եմ՝ աշխարհում ամենասուրբ էակը կինն է։ Ես ունեմ մայր, քույր, կին եւ դուստր։ Եվ ինձ համար շատ կարեւոր է, որ ես ունեմ հայրենիք։ Հանուն հայրենի հողի ես զոհեցի ամեն ինչ, ինչ ունեի, եւ այն ամենը, ինչի մասին երազում էի։ Չկա աշխարհում մի այնպիսի ուժ, որը կարողանա Սերբական հանրապետությունը կործանել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ