Զորացրված զինծառայող Ռազմիկ Պետրոսյանի զինգրքույկում ապրիլյան պատերազմին մասնակցելու մասին գրառում չի կատարվել այն պատճառաբանությամբ, որ նա ռազմական գործողություններին մասնակցել է երկրորդ գծից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռազմիկ Պետրոսյանի շահերի պաշտպան Աշխեն Դաշյանը։
Նշենք, որ զորացրված Ռազմիկ Պետրոսյանը Վարչական դատարան հայցը ներկայացրել էր դեկտեմբերի 5-ին՝ ՊՆ-ից պահանջելով զինգրքույկում համապատասխան գրառում կատարել ապրիլյան պատերազմի մարտական գործողություններին մասնակցելու մասին։ Հունվարի 24-ին տեղի է ունեցել գործով առաջին դատական նիստը։
«Ռազմիկը պատմել է, որ իր զինատեսակը այնպիսին է եղել, որ պատերազմական գործողությանը մասնակցել է երկրորդ գծից։ Ավելին՝ պատերազմի օրերին իր հրամանատարի օրինական հրահանգով մեկ անգամ իր զենքը հակառակորդի դեմ է օգտագործել։ Երկու ստորաբաժանումներն էլ փաստորեն եղել են բախման գոտում եւ հակառակորդի կողմից արձակված գնդակները կարող էին նույն հաջողությամբ դիպչել եւ առաջին, եւ երկրորդ ստորաբաժանումների զինծառայողին։ Այսինքն՝ պետք է տարբերակում չմտցնել առաջնագծի եւ երկրորդ գծում գտնվող զինծառայողների միջեւ»,-ասաց Աշխեն Դաշյանը։
Պաշտպանը նշեց, որ Ռազմիկ Պետրոսյանը պատերազմի բռնկվելուց հետո մարտական հենակետում անցկացրել է 2 եւ կես ամիս՝ 5 անգամ երկար, քան հերթապահության սովորական օրերին։
«Ինչո՞ւ է զինծառայողը 15 օրվա փոխարեն այդքան երկար մարտական հերթապահություն իրականացրել, եթե մարտական գործողությունների խնդիր չի եղել»,- ասաց հայցվորի ներկայացուցիչը։
Աշխեն Դաշյանը հավելեց, որ համաձայն Ժնեւի կոնվենցիայի՝ զինվորներն արդեն իսկ համարվում են ռազմական ուժերի անդամներ։ Նույն Ժնեւի կոնվենցիան տարբերություն չի դնում զինված ուժերի անդամների կողմից ռազմական գործողությունների տարբեր տեսակի մասնակցություններին։
Նշենք, որ Ռազմիկ Պետրոսյանը այս պահին բնակվում է Մոսկվայում, նա չի օգտվելու որեւէ արտոնությունից, ուղղակի պայքարում է արդարության եւ իր շահերը վերականգնելու համար։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 5-ին։




























