News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դեմոկրատական կուսակցությունը հնարավոր է բոյկոտի ապագա արտահերթ խորհդարանական ընտրությունները:

Այս մասին NEWS.am-ի հետ զրոյցում ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Վաղը մենք հանդիպելու ենք մյուս քաղաքկան ուժերի հետ, որոնք նախատեսում են դաշինքային հարաբերություն ունենալ մեզ հետ, սակայն մենք ունենք խնդիր հին ընտրական օրենսգրքի հետ կապված, որովհետեւ մենք բոլորս շահագրգիռ էինք, որ լիներ նորը, պայմանները փոխված լինեին, սակայն մեզ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ նոր իշխանությանը ավելի ձեռնտու էր հինը պահպանել, քան թե նորացվածն անցկացնել: 

Որքան էլ նրանք կարգախոսներով հանդես եկան, թե ժողովրդավարության պահանջն այդպիսին է, պետք է նորը լինի, որպեսզի կուսակցությունները հավասար պայմաներ ունենան, որպեսզի մենք դեբատների մասնակցենք, որպեսզի գաղափարական պայքար լինի, սակայն այս ամբողջը դատարկ խոսակցություն մնաց, որովհետեւ միայն միամիտները կարող են հավատալ, որ ամեն ինչ արվեց, որ անցնի այդ օրինագիծը, եւ հանկարծ մի ձայնի տարբերությամբ չանցավ: Մենք այդ խաղերը չենք ընդունում, մենք հասկանում ենք, որ էստեղ ուրիշ հաշվարկներ են եղել, դրա համար նաեւ կա մի տարբերակ, որը դեռ քնարկվում է՝ բոյկոտել այսպիսի ընտրությունները, որոնք ռեյտինգայինի անվան տակ արդեն իսկ ամբողջովին նույնն են լինելու, ինչպես 2017 թվականի ընտրությունները»,- ասաց նա:

Ըստ Արամ Սարգսյանի՝ ներկայիս իշխանություններին ձեռնտու է հին ընտրական օրենսգրքով գնալ ընտրությունների մի քանի պատճառներով:

«Առաջինը նրանք չուզեցին եվրոպական կառույցների, հատկապես Վենետիկի հանձնաժողովի հետ որեւէ, այսպես ասած, ավելի լուրջ հակասությունների մեջ մտնել, որովհետեւ նրանց արդեն իսկ զգուշացրել էին, որ ընտրություններից մեկ ամիս առաջ օրենքը չի կարելի փոխել, եւ ես կարծում եմ, որ նրանք խուլ մնացին նաեւ մեր առաջակներին, որ ապրիլին անցկացնենք ընտրությունները եւ այս ընթացքում հասցնենք շատ ավելի լավ փոխել այդ օրենսգիրքը: Երկրոդը՝ նրանք համոզված են, որ ռեյտինգային ընտրությամբ միայն իրենց անունը բավարար է, որ մարդկանց մեծամասնությունն ձայն տա, իրենք հոգս չունեն, կարծես, սակայն ես իրենց փոխարեն լինեի, արդեն կմտահոգվեի, որովհետեւ իրավիճակն օր-օրի է փոխվում»,- ասաց Արամ Սարգսյանը:

Արամ Սարգսյանի կարծիքով՝ արտահերթ խորհդարանական ընտրությունները նման են լինելու նախորդ ընտրություններին, քանի որ ժողովուրդը աղքատության մեջ է  եւ կրկին վաճառելու է իր ձայնը:

«Բոլոր խոսակցությունները, թե հիմա ժողովուրդն է ընտրում, մենք բազմիցս ասել ենք. երբ ժողովրդի 30 տոկոսից ավելին աղքատության մեջ է, նա չի ընտրում, նա սպասում է՝ ով իրեն մի բարիք կբերի, որպեսզի դրա դիմաց նրան ձայն վաճառի: Ցավոք սրտի, այսպես է եւ մենք չենք կարծում, որ սա քաղաքական պայքար է լինելու, կամ, առավել եւս գաղափարական»,- ասաց նա:

Դեմոկրատական կուսակցության նախագահի խոսքով՝ ընտրական օրենսգիրքը չփոփոխելով իշխանությունները մեծ շնորհ արեցին հանրապետականներին:

«Իրոք հնարապետականն այս պահին ստացավ լավագույն հնարավորությունը անգամ մի 10 մեծահարուստի շնորհիվ հավաքել 100-120 հազարա ձայն: Դա դարձավ շատ հնարավոր տարբերակ, այնպես, որ եթե դա էր իրենց նպատակը, որպեսզի նույն կազմով շարունակի աշխատել այսօրվա խորհդարանը, էլ ինչի համար էր պետք ցրել, որպեսզի նոր երիտասարդների բերեին, իրենց կողմնակիցներին: 

Կարծես միայն դա է նպատակը, քանի որ ե՛ւ Հանրապետականը, ե՛ւ Դաշնակցությունը, առավել եւս Բարգավաճը բոլորը հնարավորություններ ունեն այս վարկանիշային տարբերակով ձեւավորել ֆրակցիաներ»,- հավելեց Արամ Սարգսյանը:

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2018 թ.-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ն։ Դրանք ԿԸՀ-ն կգրանցի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է. ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ