Խորհրդարանական ընտրությունները պետք է ապրիլից շուտ չանցկացվեին, որպեսզի մենք կարողանայինք դրանց պատրաստվել: Այս մասին նոյեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք արտահերթ ընտրությունների անցկացման  ժամկետն ընդունելի է:

Սարգսյանի խոսքով, բացի այդ ժողովրդավարական ընտրությունների անցկացման հիմնական պայմանը պետք է լիներ համապատասխան իրավական հիմքը: «Մենք անընդունելի ենք համարում ընտրությունների անցկացումը ներկայիս Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի պայմաններում, որն ընդունվել է ոչ ժողովրդավարական սկզբունքների հիման վրա», - բացատրեց նա:

Սարգսյանն ընդգծեց, որ նման պայմաններում, երբ պահպանված է նախկին ռեյտինգային համակարգը, միակ ճիշտ որոշումը, որը եւ ընդունվել է, ընտրությունների բոյկոտն է:

«Մինչ այն պահը, երբ հայտնի դարձավ, որ ընտրությունները կանցկացվեն գործող ԸՕ-ով, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը բանակցություններ էր վարում տարբեր քաղաքական ուժերի հետ, սակայն ռեյտինգային ընտրակարգով ընտրությունները նույն կերպ կանցնեն, ինչպես եւ անցել են մինչեւ հիմա: Ուստի ընտրություններին մասնակցությունն աննպատակահարմար ենք համարում», - հավելեց քաղաքական գործիչը:

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: