News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ուղղակիորեն առնչվում է անձի անձնական սահմանադրական կարեւորագույն իրավունքներից մեկին, որի սահմանափակումը պետք է հնարավորինս համաչափորեն իրականացվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը։

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկել է գաղտնալսելու հնարավորություն տալ նաեւ ոստիկանությանը։ Գործող կարգավորումներով գաղտնալսելու հնարավորություն ունի միայն Ազգային անվտանգության ծառայությունը:

Ըստ Գոհար Մելոյանի՝ առաջարկվող կարգավորումն առնչվում է անձնական իրավունքին, այն է՝ հաղորդակցության ազատությունն ու գաղտնիությունը. «Մասնավորապես, Սահմանադրությամբ սահմանված է, որ յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք և հստակ սահմանված են այս իրավունքի սահմանափակման նպատակները»։

Սահմանադրագետի կարծիքով՝ նմանաբնույթ փոփոխության իրականացման որոշումը պետք է կայացնի օրվա իշխանությունը, և դա նպատակահարմարության հարց է: Սակայն մինչ նախագիծն հավանության արժանացնելն անհրաժեշտ է ապահովել բոլոր իրավական գործընթացները.

«Ցանկալի է, որպեսզի ապահովվեն հանրային քննարկումներ, նախագիծն անհրաժեշտ է քննարկել շահագրգիռ կողմերի հետ՝ առանց որևէ շտապողականության: Նախագծով առաջարկում է Ոստիկանությունում ստեղծել համապատասխան ստորաբաժանում՝ գաղտնալսումներն իրականացնելու նպատակով. կարելի է նախագծի անցումային դրույթներով սահմանել միջոցառումներ՝ տվյալ ստորաբաժանմանն այդ գործառույթի իրականացմանը նախապատրաստելու նպատակով, որից հետո միայն ընդունվելու դեպքում այդ օրենքը կգործի: Մի խոսքով պետք է անհրաժեշտ գործիքակազմ ներդրվի, որպեսզի ապահովվի անձի հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքի երաշխավորումը, և այն ոտնահարելու գայթակղությունը բացառվի: Իրապես կարեւորագույն իրավունքներից մեկի հետ գործ ունենք, որի սահմանափակումը պետք է իրականացվի սահմանադրական կարգավորումներին համապատասխան, այլապես՝ եթե այդ գործիքակազմը չարաշահվի, առաջ կգա իրավական անվտանգության  խնդիր, և իրենց գնահատականը չեն ուշացնի միջազգային կառույցները»։

Մելոյանն ընդգծեց. «Նախագծի ընդունման արդյունքում, եթե երաշխավորվելու են անձի սահմանադրական իրավունքները, ինչպես նաեւ ապահովվելու է դատական վերահսկողությունը և դատախազական հսկողությունը տվյալ օպերատիվ գործունեության պատշաճ իրականացման նկատմամբ, ապա, ըստ էության, որևէ խնդիր նախագծի ընդունման և Ոստիկանությանը նման լիազորություն ընձեռելու հետ կապված չեմ տեսնում»։

Գոհար Մելոյանն անդրադարձավ նաեւ միջազգային փորձին. «Տարբեր երկրներում տարաբնույթ կարգավորումներ են առկա։ Օրինակ՝ ԱՄՆ-ի նահանգներում, միմյանցից կտրուկ տարբերակված կարգավորումներ են առկա։ Ուշագրավ էր 2001 թվականին հայտի իրադարձություններին հաջորդիվ ընդունված Պատրիոտի ակտը՝ որպես ահաբեկչության դեմ գործիքակազմ, որի հիման վրա բավականին չարաշահումներ թույլ տրվեցին՝ արձանագրելով գաղտնիության իրավունքի համատարած ոտնահարումներ»։

Տպել
Ամենաշատ